կարևոր
4093 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-27 10:21
Քաղաքական

Հայոց բանակի դեմ արշավն ու ՊՆ պապանձվելը․ Գեղամ Մանուկյան

Հայոց բանակի դեմ արշավն ու ՊՆ պապանձվելը․ Գեղամ Մանուկյան

Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» եւ որեւէ կերպ արդեն մի քանի ամիս չի կարողանում արձագանքել Հայոց Բանակն արատավորող փաշինյանական աղմկարահույց հայտարարություններին։ Կամ չգիտի ինչ ասի, կամ էլ պարզապես չի ցանկանում իրականությունն արձանագրելով հայտարարել, որ Փաշինյանն անպատասխանատու սուտասան է։ Այս մասին գրում է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այս մասին բարձրաձայնել էի դեռ նախորդ տարի։ 2023-ի դեկտեմբերի 4-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին գրավոր հարցում էի ուղարկել, որ պարզեմ, թե 2023թ.-ի նոյեմբերի 24-ի մամուլի ասուլիսում Փաշինյանի հայտարարությունը, թե «այսօր բանակում ազատվել ենք 5-րդ շարասյունից», ինչպես է արտահայտվել ՀՀ Զինված ուժերում։

Պապիկյանին ուղղել էի ընդհանուր վեց հարց։ Դրանց պատասխանելու համար օրենքով նախատեսված 5 օրվա փոխարեն Պապիկյանից պահանջվել էր քսան օր, իսկ արդյունքում ստացել էի 1 նախադասությամբ պատասխան՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ, քան տրվել է ՀՀ վարչապետի կողմից՝ չունի»:

Ուշագրավ է, որ գլխավոր դատախազությունը նույն «5-րդ շարասյան» մասին հարցմանս, թե Փաշինյանի նշած այլ պետությունների շահերին ծառայելու, ասել է թե՝ լրտեսության հոդվածով քանի քրեական գործ է հարուցվել 2021-2023 թվականներին, ավելի հստակ էր պատասխանել՝ ընդամենը մեկ քրեական գործ է հարուցվել։ Ընդամենը ՄԵԿ քրեական գործ....Եվ դեռ պետք է ապացուցվի....

ՊՆ-ի դեպքում համառեցի. կրկին գրավոր հարցում ուղարկեցի՝ հիշեցնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն Պապիկյանը ՊԱՐՏԱՎՈՐ է հարցերիս առանձնաբար պատասխանել, կետ առ կետ։ Էլի նախարարությունը տեւական ժամանակ պապանձվել էր, անցնում էին օրերը, իսկ պատասխան չէին կարողանում գտնել։

Միայն հունվարի կեսին ստացա կրկնակի հարցման պատասխան-ծաղրանկար: Այս անգամ էլ Պապիկյանն իր առաջին պատասխանի բառերը հետ ու առաջ էր արել ու կրկին լեզուն կծել։ Պատասխանել է, թե «Փաշինյանի պատասխանից եւ պարզաբանումներից զատ, ՀՀ պաշտպանության նախարարությունն այլ պարզաբանումներ եւ մեկնաբանություններ չունի»։

Հունվարի 28-ին Հայոց բանակի մասին դիֆերամբներ կձոնեն պաշտոնյաները, թե բարձրացնում են ԶՈՒ հեղինակությունը։ Իսկ իրականում մեր անվտանգության երաշխավորի դեմ թշնամական հարձակումներն անդադար շարունակվում են։ Եթե սահմանում թշնամին դիպուկահար ու այլ զենքեր է կիրառում, ապա ներսում թշնամական այլ, ավելի ծանր զենք է գործում՝ կեղծիք, զրպարտություն, անպատասխանատու հայտարարություն։ Այդ զենքերը, ցավոք արդեն Փաշինյանի ձեռքում են գործում։

ՊՆ եւ դատախազության հետ ողջ նամակագրությունը կցում եմ»։