կարևոր
3472 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-18 14:33
Քաղաքական

«Զանգեզուրի միջանցք»-ի մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով

«Զանգեզուրի միջանցք»-ի մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ երբեք չի խոսվել։ Այս մասին դիվանագիտական տարվա արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով այդ, այսպես կոչված, միջանցքի առնչությամբ Փաշինյանի հայտարարություններին։

«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային մեկնաբանություններում շոշափել են հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր։ Խոսվել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի հաստատման թեմայի մասին։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից», - ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, որը կանգնեցրել էր պատերազմը, ասվում էր` ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղությունով, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Սահմանապահ ծառայության մարմինները։