կարևոր
3676 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 22:38
Քաղաքական

Իսկ կարո՞ղ է՝ Լուկաշենկոյի առաջարկած, Սերժ Սարգսյանի մերժածին համաձայնել է Փաշինյանը. Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վստահեցնում է՝ եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունը կարողանա կնքել, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը» մինչև տարեվերջ, ապա, միևնույն է, դա լինելու է ոչ թե խաղաղության, այլ նվաստացածի, պարտվածի և հետագա որևէ քայլի անընդունակ իշխանության ստորագրած մի պայմանագիր, որն ամբողջությամբ ձեռնտու է լինելու՝ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ՝ Թուրքիային։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում երկրում ստեղծված իրավիճակը և «Խաղաղության պայմանագրի» կնքումից հետո հնարավոր հեռանկարները նկարագրելուց հետո Աղվան Վարդանյանն ընդգծեց.

«Այս իշխանության նպատակը մեկն է՝ համակերպվել այս խղճուկ իրավիճակի հետ՝ ցանկացած գնով կառչած մնալով իշխանությունից։ Վստահ եմ՝ դա խաղաղության պայմանագիր չի լինելու, որովհետև Ադրբեջանը որևէ քայլ չի զիջելու, իսկ Հայաստանի այս չարաբաստիկ իշխանությունը, փաստաթղթով ամբողջությամբ հրաժարվելով Արցախին տեր կանգնելու Հայաստանի իրավունքից, Հայաստանը դարձնելու է զրոյական ազդեցությամբ մի երկիր»։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանի կատարած քայլերի հետևանքով է, որ այսօր Հայաստանը հայտնվել է միայնակ պետության կարգավիճակում, որի տարածքի հաշվին տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերն իրենց շահերն են առաջ տանում՝ զոհելով հայկական շահը։

«Դրան ի պատասխան՝ այս իշխանությունը շարունակում է ունենալ ուժային և այլ մեթոդներով՝ ոչ թե հայկական շահը պաշտպանելու, այլ՝ սեփական իշխանությունը պահելու նպատակ։ Վստահ եմ՝ վաղը, երբ կունենանք ազգային իշխանություն, կբացահայտվեն այնպիսի սարսափելի դրվագներ, ինչպիսիք են պետական դավաճանությունը, կոռուպցիան, և դա կտեսնեն հասարակության այն շերտերը, որոնք կանգնած են այս իշխանության կողքին»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով՝ պետականակործան ծրագիր իրականացնող այս իշխանությունն ապագայում պատասխանատվության կենթարկվի։

«Պետական դավաճանության փաստերը կապացուցվեն կայանալիք դատավարությունների ժամանակ»,- ասաց Վարդանյանը։

Դիտարկմանը՝ ինչո՞վ է պայմանավորված Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի երեկվա հայտարարությունը, թե Փաշինյանի մեղքը չկա տեղի ունեցածում, և ստեղծված իրավիճակը Փաշինյանին «ժառանգություն» է հասել, և եթե Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ընդուներ իր առաջարկը (հավանաբար նկատի է ունեցել 5 մլրդ դոլարով Արցախի հինգ շրջաններն Ադրբեջանին հանձնելը), ապա իրավիճակն այլ կլիներ, Աղվան Վարդանյանն արձագանքեց.

«Լուկաշենկոյի ասածից կարո՞ղ ենք ենթադրել, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չի համաձայնել 5 միլիարդի առաջարկին, Փաշինյանը համաձայնել է։ Դա էլ կարող ենք մտածել։ Երեկ էլ Պուտինն ասաց՝ մենք չենք, որ հրաժարվել ենք Արցախից, Հայաստանն է հրաժարվել, իսկ Հայաստան ասելով՝ նկատի ունի հենց Փաշինյանին»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։