| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի։ Այս մասին տեղեկանում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգը
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին հայանպաստ դիրքորոշումների, ինչպես նաև Եվրախորհրդարանին՝ ի պաշտպանություն արցախահայության արդար իրավունքների կատարված հայտարարությունների և որդեգրված բանաձևերի առնչությամբ։
Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին, որոնց հետևանքով հայաթափվեց Արցախը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և որդեգրած ագրեսիվ քաղաքականությանը։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ այդ ուղղությամբ կարևորելով միջազգային ատյանների գործուն քայլերի ձեռնարկումը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Հայաստան իր այցի ընթացքում ի մոտո ծանոթացել է հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը։ Այս առիթով Եվրախորհրդարանի պատգամավորը հավաստիացրեց, որ այսուհետ ևս պիտի շարունակի ջանքեր ներդնել ի նպաստ արցախահայերի իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրների հաղթահարման։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության շուրջ ստեղծված իրադարձություններին։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին խնդրի առնչությամբ կատարած կոչի համար։