կարևոր
2788 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-25 14:06
Քաղաքական

Փաշինյանի ախորժակն ավելի մեծ է, քան դատական համակարգը հասցնում է մատակարարել․ փաստաբան․ «Հրապարակ»

Փաշինյանի ախորժակն ավելի մեծ է, քան դատական համակարգը հասցնում է մատակարարել․ փաստաբան․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Չնայած Հայաստանում քաղբանտարկյալների թիվը զգալիորեն ավելացել է, չնայած ընդդիմադիր գործիչներին Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար կալանավորում են եւ անունը դնում` բռնություն քարոզելու կոչերի համար, նախօրեին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է իրավապահ համակարգի աշխատանքից, մասնավորապես` հակակոռուպցիոն պայքարի գործընթացից։ Նա նշել է, որ այսօր Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ, շեշտել էր, թե ինչու են Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծել, ամենաբարձր աշխատավարձերը նշանակել, որ բոլոր հրատապ գործերն արագ ընթացք ստանան` մարդկանց կալանավորեն, գույքը բռնագրավեն եւ բավարարեն 2018 թվին իրենց իշխանության բերած հասարակ մարդկանց պահանջը, որոնք ասում են` պատժեք նախկիններին եւ պետականացրեք նրանց ունեցվածքը։

Այս մեղադրանքներին ի պատասխան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ կան դատարան ուղարկված մոտ 20 մլն դրամի կաշառքի դիմաց ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ քրեական գործեր, բայց բոլոր մեղադրյալները կալանքից ազատվել են։ Նա ընդգծել է, որ մեղադրյալների՝ կալանքի տակ չգտնվելու դեպքում դատական նիստերը տարիներով ձգձգվում են։ Պարզ ասած` իրենք բռնում են, դատավորներն ազատ են արձակում: Իրենց ժողովրդավար համարող իշխանությունները, փաստորեն, դժգոհ են, որ իրենց բոլոր թշնամիներին ու քաղաքական հակառակորդներին իրավապահները չեն կալանավորում եւ բանտ ուղարկում: 

Փաստաբան Երվանդ Վարոսյանը պնդում է, որ այդ հարցը ո՛չ վարչապետ Փաշինյանին է վերաբերում, ո՛չ էլ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին: Նա կարծում է, որ ողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի ախորժակն օր-օրի մեծանում է, իսկ իրավապահները ֆիզիկապես չեն կարող հագուրդ տալ նրա բոլոր ցանկություններին` միանգամից։ «Այդ հարցը, նախ, իրենց քննարկելիք հարցը չէր: Ո՞վ է տեսել՝ երկրի ղեկավարը նստի, դատարանների վճիռներ քննարկի, խոսի դրա ժամկետների մասին եւ այլն: Նրանք, ինչքան հասկացա, հենց ժամկետներից են դժգոհ, բայց նույն այդ կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարարը Փաշինյանին զեկուցեց, որ առկա գործերի ծավալների պայմաններում 1500 դատավորի կարիք կա, մինչդեռ ունեն ընդամենը 300 հաստիք, եւ գոհունակությամբ հայտնեց, որ 300 հաստիք էլ վերջապես կլրացնեն: Նույն նիստի ժամանակ փաստացի պարզ դարձավ, որ մեկ դատավորը հինգ դատավորի գործ է անում: Սրան զուգահեռ, դժգոհել, որ գործերը դանդաղ են քննվում, ոչ միայն անհասկանալի է, այլեւ` անտրամաբանական: Ինչ վերաբերում է գործերի ծավալին, ապա, այո, դրանք աննախադեպ են եւ ահռելի: Գործերի մի ստվար զանգված կա, որ անգամ դատարան չպետք է գնա, կան գործեր, որոնց համար չի կարելի վարույթ նախաձեռնել: Նախաքննության փուլում կա՛մ դրանք պետք է կարճվեն, կա՛մ էլ առհասարակ չպետք է հարուցվեն: Այս գործերով փորձում են շղարշ ստեղծել, թե իբրեւ մեծ, տիտանական աշխատանք են անում, իսկ, այ, դատարանները գործերը չեն քննում: Բայց եթե այդ ամենին գումարենք քաղաքական հետապնդումների գործերը, դրան էլ գումարենք քաղաքական հետապնդման տարրեր չունեցող, բայց «պետպատվերով» ծնված գործերը, դատական գործերի թիվը դառնում է անչափելի: Այդ գործերը, այսինքն, չեն էլ հասցնում մարսել: Դատական նիստերը հետաձգելու պարագայում, հաջորդ նիստի օր չենք կարողանում որոշել` դատարանի, դատախազի եւ պաշտպանների ծանրաբեռնվածությունից ելնելով: Բնական է, որ ինչ խելքիդ փչի, վարույթ նախաձեռնես, անկախ նրանից՝ դատարան ուղարկելու ենթակա է, թե ոչ, էսպես պետք է լիներ»,- ասում է Վարոսյանը: 
Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի դժգոհության պատճառը։ «Երեւի Փաշինյանի ախորժակն ավելի մեծ է, քան համակարգը հասցնում է մատակարարել: Դատական համակարգը լավ էլ ամեն ինչ անում է, խնդիրն այն չէ, որ ինչ-որ բանում չեն լսում, խնդիրն այն է, որ արդեն այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ֆիզիկապես չեն հասցնում: Բնական երեւույթ է»,- նշեց նա: Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե Նիկոլ Փաշինյանի ախորժակն այս առումով ավելի մեծանա։ «Կարող է սրանից ավելի վատ լինել: Պատմությանը տիրապետող ցանկացած մարդ գիտի, որ երբ պետության կառավարումը ղեկավարը շփոթում է ռեպրեսիաների հետ, ինչ է տեղի ունենում: Ամեն ինչ ակնհայտ է ու պարզ: Փաշինյանի ախորժակի մեծացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու` ո՛չ պետության համար, ո՛չ էլ ախորժակ ունեցողի»,- եզրափակեց մեր զրուցակիցը»: