կարևոր
51844 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-23 21:57
Սպորտ

Երևանում կայացել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության բացման արարողությունը

Երևանում կայացել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության բացման արարողությունը

Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության բացման արարողությունը։

Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023 թ. ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել՝ հաշվի առնելով հայ մարզիկների գրանցած վերջին հաջողությունները, ինչպես նաև Երևանում 2022 թվականին անցկացված մեծահասակների և 2023 թվականին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների բարձր մակարդակը: Առաջին անգամը չէ, որ Հայաստանը հյուրընկալում է նման կարգի մրցաշար։

Բացման արարողության ժամանակ ելույթ ունենալով` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ողջունելով բոլոր մասնակիցներին ու հյուրերին, ցանկացել է արդար մրցաշար և հաջողությունները։

Նշենք, որ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցում են 574 բռցքամարտիկներ 57 երկրներից։ Մրցումներին, ինչպես և վերջերս Երևանում կայացած սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցելու Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Բացի այդ Երևան չեն ժամանելու ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բռնցքամարտիկները, որոնք հիմնադրել են բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա World Boxing անվանումով ու դուրս են եկել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի(IBA) կազմից։

Հայաստանի հավաքականը մրցումներում ներկայացնելու են 16 բռնցքամարտիկներ, որոնցից 13-ը ռինգ դուրս կգան պատանիների մրցումներում, իսկ երեքը՝ Հեղինե Պետրոսյանը, Քրիստինե Թորոսյանն ու Էլեն Պապյանը, կմասնակցեն աղջիկների մրցումներին։

Ռինգում առաջին մենամարտերը կայանալու են նոյեմբերի 24-ին, իսկ աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 4-ին։

Հավելենք, որ Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը, նախապատրաստվելով Երևանում կայանալիք ստուգատեսին, հոկտեմբերի վերջին միջազգային մրցաշարի է մասնակցել Վրաստանի Փոթի քաղաքում: Մրցավայր մեկնած մեր 13 բռնցքամարտիկներն էլ արժանացել են մեդալների: Հայաստանի ներկայացուցիչները կարողացել են նվաճել 6 ոսկե և 7 արծաթե մեդալներ: