կարևոր
1996 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-21 12:17
Քաղաքական

Ձերբակալվել են Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցներից մեկի ղեկավարն ու խմբագիրը

Ձերբակալվել են Ադրբեջանի վերջին անկախ լրատվամիջոցներից մեկի ղեկավարն ու խմբագիրը

Այն, որ Ադրբեջանում բացակայում է խոսքի ազատությունը և ով խոսում է Ալիևի ռեժիմի դեմ հայտնվում է բանտերում, կամ հետքն այնպես են կորցնում, որ մեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինում գտնել, նորություն չէ։

Այս անգամ Ալիևի քիմքին հաճո չի գործել Ադրբեջանում գործող եզակի անկախ լրատվամիջոցներից մեկը՝ Abzas Media-ն։

Անկախ կայքը վերջին շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ընտանիքների անդամներին պատկանող ընկերությունների մասին հետաքննությունների շարք էր հրապարակել, որից հետո ճնշումներ են սկսվել կայքի նկատմամբ։

Նախօրեին Բաքվում ձերբակալվեց Abzas Media կայքի ղեկավար Ուլվի Հասանլին։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ, նրան բերման էին ենթարկել վաղ առավոտյան՝ արտերկիր մեկնելուց առաջ։

Հասանլիի փաստաբան Զիբեյդա Սադիգովան հայտնել էր՝ Հասանլին տեղափոխվել է ոստիկանության Բաքվի քաղաքային վարչություն և նրան մեղադրանք է առաջադրվել արտարժույթի մաքսանենգության համար։

Ձերբակալությանը զուգահեռ Abzas Media-ի խմբագրությունում խուզարկություն էր սկսվել։

Այսօր առավոտյան արդեն ձերբակալվել է Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆգիզին: Նա այսօր բերման է ենթարկվել Բաքվի օդանավակայանում՝ արտերկրից վերադառնալիս։ Իր բնակարանում խուզարկությունն ավարտելուց հետո նրան տեղափոխել են Բաքու քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն։

Հետագա գործողությունները ցույց կտան՝ ինչ ճակատագիր է սպասվում կայքին և աշխատակիցներին։

Անի Նահապետյան