կարևոր
4636 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-31 00:04
Հասարակություն

Գերեվարված 16 անձանցից 8-ը Արցախի ղեկավարության անդամներն են․ ՔԿ

Գերեվարված 16 անձանցից 8-ը Արցախի ղեկավարության անդամներն են․ ՔԿ

Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով շուրջ 12 քաղաքացիական անձի և շուրջ 30 զինծառայողի գտնվելու վայրը մինչև հիմա հայտնի չէ։ Այս մասին Քննչական կոմիտեի YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակված տեսանյութում Հ1-ին հայտնել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Նա ասել է, որ ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է քաղաքացիական ինը անձ, նրանցից երեքը՝ երեխա: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:

Վարդանյանն անդրադառնալով առևանգումներին և գերեվարումներին՝ ասել է, որ հոկտեմբերի 30-ի դրությամբ կա ֆիքսված 16 անձ: Նրանցից տասը քաղաքացիական անձիք են: Գերեվարված 16 անձանցից ութը Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով կալանավորված Արցախի Հանրապետության նախկին և ներկա քաղաքական ղեկավարության անդամներն են:

Նա հայտնել է, որ այժմ վարույթի շրջանակում իրականացվում են մեծածավալ քննչական և վարույթային գործողություններ, հարցաքննություններ, մարմինների զննություններ: Նշանակվել են մի շարք՝ այդ թվում դատագենետիկական, դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:

«Զոհված անձանց հարազատները ճանաչվել են որպես տուժող: Նույնականացան գործընթացը դեռ չի ավարտվել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև ֆիքսված են բոլոր այն անձինք, ովքեր բռնի տեղահանման են ենթարկվել»,-ասել է Ռաֆայել Վարդանյանը: