կարևոր
2395 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-11 14:22
Հասարակություն

Պարեկային ծառայությունը տուգանել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին. «Հրապարակ»

Պարեկային ծառայությունը տուգանել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Պարեկային ծառայությունը տուգանել է նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Գտել են, որ նա օրենքի խախտմամբ է «Երեւանի վերջին գազելը» վարել՝ առանց համապատասխան D կարգի վարորդական իրավունքի եւ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու համար։ «Հրապարակ»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։ 

Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ՝ օգոստոսի 11-ին քաղաքապետարանը հրապարակեց մի գովազդային հոլովակ, որի գլխավոր «հերոս» Տիգրան Ավինյանը՝ չունենալով հանրային տրանսպորտ վարելու համար համապատասխան D կարգի վարորդական իրավունք, վարում էր «Երեւանի վերջին գազելը»։ Տիգրան Ավինյանն այդ հոլովակում միաժամանակ օրենքի երկու խախտում է թույլ տվել՝ մեկը վարորդական համապատասխան իրավունքի բացակայությունն է, մյուսը՝ քաղաքացիներին տեղափոխող գազելը վարում է չամրակապված։ 

Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն՝ D կարգ չունենալու դեպքում վարորդը տուգանվում է 2000 հազար դրամով, իսկ տրանսպորտային միջոցը չամրակապված վարելու դեպքում վարչական պատասխանատվությունը նախատեսում է տուգանքի վճարում՝ 5000 ՀՀ դրամի չափով:

Մենք դիմեցինք քաղաքապետարան, որպեսզի ստանանք նաեւ Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը, Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ Տիգրան Ավինյանը չի ցանկանում իր տուգանվելու մասին տեղեկությունը մեկնաբանել։ Հղում է արվել «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենք»-ի 8-րդ հոդվածին․ 

«Ձեր հարցման պատասխանը հնարավոր չէ տրամադրել՝ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթների համապատասխան, որը ենթադրում է տեղեկատվության ազատության սահմանափակումներ»,-ասաց Կոստանյանը։ Իսկ 8-րդ հոդվածի նշված կետը սահմանում է տեղեկատվության սահմանափակումներ․

«Տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»։