կարևոր
3658 դիտում, 8 ամիս առաջ - 2023-10-09 11:50
Իրավական

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։

Մասնավորապես, իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն և «Պրոգրեսիվ նոլիջիս» ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Մ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով, միմյանց գործողություն­ները փոխլրացնելով 2023 թվականի փետրվար-ապրիլ ամիս­ների ընթացքում ՀՀ քաղաքա­ցի­ներ Գ.Ս-ի և Ռ.Պ-ի անօ­րի­նական միգրացիան, այն է` ԱՄՆ վեր­ջին­ներիս մուտքի և գտնվելու թույլտվություն ստանալը կազմակերպելու նպատակով նրանցից յուրաքանչյուրից պահան­ջել և ստացել են 15.000-ական ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև ԱՄՆ մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար նախատեսված փաստա­թղթերի փաթեթներում ներառել են իրավաբանական նշանակություն ունե­ցող փաս­տեր հավաստող և իրավունք վերա­պա­հող բովանդակությամբ կեղծ աշխատա­վայրի և աշխատա­վարձի չափի, ինչպես նաև ուսումնական հաստատու­թյուն ավար­տելու և որակավորում ստանալու վերաբերյալ տեղե­կանք­ներ, դիպլոմներ և վկայականներ, որոնք հանձնել են վերը նշված անձանց, ովքեր իրենց հերթին դրանք ներկա­յացրել են Հայաս­տանի Հանրապետության տարածքում գործող իրավասու մարմին:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Ռ.Մ-ի, Ա.Մ-ի, ինչպես նաև վերջիններիս ծառայություններից օգտվող անձանց բնակության հասցե­­ներում և տուրիստական կազմակերպություն հանդի­սացող աշխատավայրում, որի արդյունքում հայտնա­բերվել և վերցվել են կեղծ դիպլոմներ, աշխատավայրի և աշխատավարձի չափի, ինչպես նաև ուսումնական հաստատություն ավարտելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, բանկային շարժի վերա­բերյալ քաղվածքներ, կնիք­ներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ամուսնության և ծննդյան վկայական­ներ, կնիքված դատարկ հավաս­տագ­րեր, պատվոգրեր, անձնագ­րեր, որոնցում առկա են եղել «Շենգենյան համաձայ­նության երկրներ» մուտքի արտո­նագրեր, տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր և հանցագոր­ծության կատար­ման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներ Ա.Մ-ի և Ռ.Մ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբող­ջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործու­թյան միջոցներ կիրառելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց:

Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված խմբի գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն