կարևոր
2740 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-17 14:27
Հասարակություն

Քարոզարշավի ընթացքում Ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, 8-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող

Քարոզարշավի ընթացքում Ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, 8-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող

Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգի պահպանության իրականացման, ինչպես նաև ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունում ձեռնարկվել են մի շարք նախապատրաստական և կազմակերպչական միջոցառումներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյան:

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ և ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր, այդ թվում՝ տեղեկատվության հավաքման և ամփոփման, ծառայության կազմակերպման, համակարգման և վերահսկման, օպերատիվ արագ արձագանքման, նյութատեխնիկական և այլն: Սահմանվել են նշված խմբերի գործառույթները և գործունեության կարգը: Մշակվել և ոստիկանության ծառայողներին են տրամադրվել ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցներ, որոնցում ամփոփված են հասարակական կարգի պահպանության գործում ներգրավված ոստիկանության ծառայողների հիմնական լիազորությունները, ընտրական հանձնաժողովների հետ փոխգործակցության կարգը, ինչպես նաև ընտրական իրավունքի ոլորտին վերաբերող իրավախախտումները»,- մանրամասնել է Արմեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը սահմանված կարգով ստուգվում է և տրվում համապատասխան ընթացք: Օպերատիվ շտաբն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս սերտորեն համագործակցում է ՀՀ այլ իրավապահ մարմինների, մասնավորապես՝ դատախազության և քննչական կոմիտեի հետ:

Օպերատիվ շտաբի կողմից կատարվող աշխատանքների ընթացքում վերլուծվել, քննարկվել և սահմանված կարգով ընթացք են տրվել իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներին:

Արմեն Մկրտչյանն ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 16-ը, Ոստիկանությունում ստացվել և քննարկվել է ընդհանուր առմամբ 26 հաղորդում, որոնցից 8-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 18-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ:

Հանցագործության մասին ստացված բոլոր ութ հաղորդումներն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ ձեռնարկելու հարցը քննարկելու համար: Յոթով նախաձեռնվել են քրեական վարույթներ, իսկ մեկով կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն, որի օրինականությունը ստուգվել է հսկող դատախազի կողմից:

Ստուգման ենթական 19 հաղորդումներից երկուսն առերևույթ հանցագործության և այլ իրավախախտման հատկանիշներ չպարունակելու հիմքով թողնվել է անհետևանք, իսկ 17-ով դեռևս կատարվում են ստուգումներ:

«Եթե ներկայացնենք տվյալ հանցագործության վերաբերյալ հաղորդումներն ըստ Քրեական օրենսգրքի, ապա դրանցից չորսը եղել է քարոզչությանը խոչընդոտելու դեպք, երկուսը՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպք, մեկը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, մեկն էլ ընտրական իրավունքի խոչընդոտման դեպք է եղել: Հաղորդումներից երեքը ստացվել է Մալաթիայի, երկուական՝ Կենտրոնի և Նոր Նորքի, մեկը՝ Շենգավիթի ոստիկանության կողմից սպասարկվող վարչական տարածքներից»,- շեշտեց ՆԳՆ ոստիկանության շտաբի պետը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներ դեռևս չեն ստացվել:

Սեպտեմբերի 17-ին ժամը 12:30-ի դրությամբ ստացվել և քննարկվել է ստուգման ենթակա երկու տեղեկություն, որից մեկը երկու մեքենաներով ճանապարհը փակելու, մյուսը՝ մտավոր խնդիրներ ունեցող որդու տվյալները ընտրացուցակում հայտնաբերելու մասին, և երրորդ հաղորդումը ստացվել է անհայտ քաղաքացուց և այն մասին է, որ ընտրական հանձնաժողովի անդամը մարդ է բերում ընտրատեղամաս ընտրության: Նշված բոլոր ահազանգերով կատարվում են ստուգողական աշխատանքներ, որոնց մասին կտեղեկացվի ավելի ուշ: