կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 18:55
Հասարակություն

Հակոբ Արշակյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները

Հակոբ Արշակյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ողջունելով դեսպանին նախարարն անդրադարձել է Covid-19 համավարակի հետևանքով Հայաստանում և ԱՄՆ-ում ծագած մարտահրավերին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Նախարարը ներկայացրել Հայաստանում համավարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական աջակցության ծրագրերի ընթացքը:

Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ Հայաստանը շարունակում է ուրվագծել իր բարձր տեխնոլոգիական ապագան, և այդ համատեքստում կարևորում է նախարար Արշակյանի հետ մտքեր փոխանակելու այս հնարավորությունն այնպիսի նախաձեռնությունների շուրջ, որոնք կօգնեն Միացյալ Նահանգներին ու Հայաստանին նորարարության առաջամարտիկների դիրքում լինել և ավելի մեծ տնտեսական աճի հետամուտ լինել այնպիսի եղանակներով, որոնք համահունչ են ընդհանուր արժեքներին և բխում են ազգային անվտանգության շահերից։

Խոսելով համավարակի մասին՝ դեսպանը նշել է, որ չնայած աշխարհում գործընթացները դանդաղել են, և ակտիվ ներդրումները էականորեն նվազել, սակայն  Միացյալ Նահանգները շարունակում են հետաքրքրված լինել Հայաստանում ներդրումների իրականացմամբ:

Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄՆ Սիլիկոնյան հովիտը հանդիսանում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համագործակցության գլխավոր ուղղություններից մեկը, և ԲՏԱՆ կողմից իրականացվող Վիրտուալ կամուրջ ծրագրի շրջանակներում ապահովվելու է 45 մասնակիցների այցելություն Սիլիկոնյան հովիտ՝ ներդրումների ներգրավման և Դրեյփերի համալսարանում գործարար փորձառության ձեռքբերման նպատակով:

Նախարարը մատնանշել է թվայնացման և կիբերանվտանգության օրակարգերն ու ձևավորվող ռազմավարական մոտեցումները, կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման,  համակարգային և խորքային զարգացումների ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ներդրումների և հետագա փոխգործակցության համար:

Լին Թրեյսին բարձր է գնահատել հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանն իր  բարձր տեխնոլոգիական առաջընթացն առավելապես կապում է գիտելիքի և կրթության հետ՝ մատնանշելով փորձագետների ներգրավման հնարավորությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կիբերանվտագության և նորագույն 5G ծածկույթի հետ պայմանավորված ռիսկերի գնահատման ու կառավարման գործընթացներին, ամերիկյան PayPal-ի, Youtube-ի և Google-ի՝ հայաստանյան շուկայում հանդես գալու հիմնախնդիրներին, ինչի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ հայաստանյան տնտեսվարողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:

Կողմերը բարձր են գնահատել տեխնոլոգիական արդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքները և պայմանավորվածություններ ձեռք բերել փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ: