կարևոր
2254 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-13 12:15
Քաղաքական

Երբ թշնամին շարունակ ագրեսիայի է դիմում, իսկ այստեղ խոսում են «խաղաղությունից». «Փաստ»

Երբ թշնամին շարունակ ագրեսիայի է դիմում, իսկ այստեղ խոսում են «խաղաղությունից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Ադրբեջանական կողմը բոլոր առումներով շարունակում է Արցախի տոտալ շրջափակումը: Միևնույն ժամանակ, թշնամին վերստին կրակային ակտիվություն է դրսևորում, ըստ որում՝ տարբեր հատվածներում, ոչ միայն Արցախում, այլև անմիջականորեն ՀՀ սահմանի վրա: Դա «հուշում» է, որ առաջիկա օրերին նախատեսված է «կողմերի» հերթական բանակցային հանդիպումը: Բայց միայն դա չէ: Թշնամին շարունակ ագրեսիայի է դիմում ու անում է դա ցուցադրաբար: Առիթ եղել է արդեն անդրադառնալու, թե ինչերն են հատկապես ոգևորում թշնամուն:

Այդ շարքում առաջիններից մեկը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն են, որ Արցախը ադրբեջանական է: Նման պայմաններում Ալիևը, բնականաբար, համարում է, որ կարող է անել այն, ինչ ուզում է: Փաշինյանի հայտարարությունները յուրօրինակ քարտ բլանշ են Ալիևին: Ու նման պայմաններում, ի դեպ, «կողքից» միջամտողների լեզուներն էլ են կարճանում: Ցանկացած նման դրսևորմանը կարող է հաջորդել և հաջորդում էլ են ադրբեջանական կողմի հայտարարությունները, որ Արցախը իրենց տարածքն է, իրենց «ներքին գործն» է, և ինչ ուզեն՝ կանեն: «Ինչ ուզեն»-ի շարքում նաև Հայաստանին հնարավոր պատերազմով սպառնալն է:

Դժվար է ասել, թե քանիսն են նկատել, բայց Ալիևի ու Փաշինյանի դիրքորոշումները նույնական են ոչ միայն Արցախի «պատկանելության» պահով (երկուսն էլ հայտարարում են, որ Արցախը Ադրբեջան է, և՝ վերջ), այլև Հայաստանի ժողովրդին պատերազմով սպառնալու հարցում: Նայեք, օրինակ՝ քպականների հայտարարությունները, նրանց զանազան ներկայացուցիչների ասածները առ այն, թե, օրինակ՝ Արցախը ադրբեջանական ճանաչելը քրեականացնելու նպատակով իրականացվող ստորագրահավաքը... կհանգեցնի պատերազմի: Բացի այն, որ նման բաներ հայտարարում են երկրի ու ժողովրդի գլխին պատերազմ ու աղետ բերածները, դա նաև յուրօրինակ ձայնակցություն է Ալիևին: Ինչ վերաբերում է մնացյալ հարցերին, ապա կարելի է դիտարկել, օրինակ՝ Փաշինյանի ԱԽ քարտուղարի որոշ հայտարարություններ, որ արել է վերջին հարցազրույցներից մեկում:

Այսպես, Փաշինյանի իշխանության ներկայացուցիչը հայտարարել է, թե ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք-զինամթերքը չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային հարց հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ: Բան հասկացա՞ք: Ավելի դանդաղ ու «կտորկտոր» դիտարկենք: Ռուսաստանի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենքը չտրամադրելու հարցը օրակարգային է: Հասկանալի՞ է, օրակարգային: Բայց երևի հենց դրա համար էլ այն չի քննարկվել վերջին հանդիպման ժամանակ: Դե, հա, ախր ո՞վ է դնում ու հանդիպումների ժամանակ օրակարգային հարցեր քննարկում: Դա ի՞նչ մի թիթիզություն է: Հետաքրքիր է, ի դեպ, որ եթե այդ օրակարգային հարցը չի քննարկվել, բա ի՞նչ են քննարկել: Օրինակ՝ թե ի՞նչ գնումներ պետք է անի այս կամ այն բարձրաստիճան քպականի կինը՝ Մոսկվայում, կամ մեկ այլ նման բան:

Ամենից խայտառակն այն է, որ դա պայմանագրով նախատեսված մատակարարում է, որը, սակայն, չի իրականացվել: Բացի այն, որ Փաշինյանի իշխանությունը թշնամուն բաց տեքստով տեղեկատվություն է մատուցում, որ անհրաժեշտ զենք-զինամթերք դեռ չի ստացել, մի բան էլ ցույց է տալիս իր բացարձակ անկարողությունը, որ կնքված պայմանագրի պայմաններում ինքն այնքան չկա, որ կարողանա նախատեսված զենքն ստանալ: Այ, անդադար «խաղաղությունից» խոսելը իրենց անզուգական «համարն» է: Այ, այդ մի հարցում շատ ուժեղ են: Ու որքան ավելի շատ են խոսում «խաղաղության» մասին, այնքան ավելի շատ աղետներ են լինում: Այս «իշխանությունը» կարող է բերել և բերում է միայն մահ, ավեր, պատերազմ, աղետ, կորուստներ: Իրենք այլ բանի ընդունակ չեն: Պարզապես նշում ենք, որպեսզի հետո դժգոհող չլինի, թե բա՝ «խի չէիք ասո՜ւմ...»: Ասում էինք: Ասում ենք: Ու ոչ միայն մենք: Բայց շատերը մանթրայի նման կրկնում են, թե՝ «դե, հուսանք, որ լավ կլինի...»: Դա հիշեցնում է այն սարկաստիկ բաժակաճառը, թե՝ «կարևորը՝ թող խաղաղություն լինի, հեչ էլ, թե պատերազմ չի լինի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում