Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ից ով չալարեց, բռնեց ու մի «սրտաճմլիկ», մի հուզաթաթախ, մի վերամբարձ ուղերձ հրապարակեց: Չենք ասում՝ հղեց, որովհետև անհասկանալի է, թե ում պետք է այդ ուղերձը հղեին: Հասարակությա՞նը, որից խլել են ու շարունակում են խլել ապագա ունենալու ամենափոքր հնարավորությունն անգամ: Փաշինյանն ու իր ՔՊ-ն Սահմանադրության մասին կարող են միայն… լռել: Այդպես գոնե ավելի ազնիվ կլիներ: Թեպետ այս ի՜նչ ենք ասում՝ ազնի՜վ: Իրենք՝ ո՜ւր, ազնվությունը՝ որտեղ: Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության մասին ճիշտ կանի՝ լռի, քանզի ի սկզբանե իշխանության է եկել Սահմանադրությունը ոտնատակ գցելով:
Դեռ չենք խոսում այն մասին, որ դրանից 10 տարի առաջ նա ամենից ակտիվ դերակատարման մեջ էր երկրում սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակ հետապնդող հուզումների ժամանակ: Դա 10 մարդու կյանք խլեց: Ու այդ մեղքը Նիկոլ Փաշինյանի վրա է: Գալով ավելի մոտ ժամանակներին, պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ի «թավշյա», իբրև թե՝ «ոչ բռնի» իշխանափոխությունից հետո էլ, արդեն լինելով վարչապետի կարգավիճակում, նույն թվականի հոկտեմբերին տրորեց Սահմանադրությունը՝ կազմակերպելով իր կողմնակիցների հարձակումը պետության օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի վրա:
Դրանից հետո, արդեն Սահմանադրություն տրորելը դարձավ սովորական մի բան Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ի համար: Լինելով ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ կոչ արեց իր կողմնակիցներին, այդ թվում՝ պետական բարձր պաշտոններ զբաղեցնող, նաև՝ ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող յուրայիններին՝ հարձակվել դատական իշխանության վրա: Ու գլխավորեց այդ սանձարձակ հարձակումը, որի նպատակը ակնհայտ էր՝ գրավել դատարանները, դրանք դարձնել իր՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների կատարածուներ:
Հետո արդեն հակասահմանադրական հարձակումն էր Սահմանադրական դատարանի վրա: Հետո արդեն հազարավոր ու հազարավոր ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների կամայական ու զանգվածային ոտնահարումներն էին՝ համավարակի դեմ պայքարելու պատրվակով: Իրականում այդպես փորձարկվում էին Հայաստանը մի ընդարձակ համակենտրոնացման ճամբարի վերածելու տեխնոլոգիաներն ու հնարավորությունները: Իսկ հետո… Այսինքն՝ հիմա, բանն ընդհանրապես բանից անցած է: Երեկվա ուղերձ հղող կարկառուն քպականներից մեկը հանկարծակի հիշել էր, թե ինչեր է մեր ժողովուրդը դրել Սահմանադրության ընդունման հիմքում: Այսինքն, հիմքերի մասին տեղյակ են: Իսկ մեր ժողովուրդը Սահմանադրության ընդունման հիմքում դրել է Անկախության հռչակագիրը: Իսկ անկախության հռչակագրի հիմքում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միասնությունն է:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պաշտոնապես հայտարարում են, թե Արցախը ճանաչում են ադրբեջանական տարածք: Ու նրանք խոսում են Սահմանադրության մասի՞ն: Այսինքն՝ Սահմանադրությունը տրորելը քի՞չ են համարում, դեռ մի բան էլ պետք է մանրամասն նկարագրեն, թե Մայր օրենքի որ հիմքը կամ որ սկզբունքն ինչպե՞ս են ոտնահարել: Կամ, լավ, ենթադրենք, խոսում են մարդու իրավունքներից, չգիտեմ, այնտեղ՝ դատարանների անկախությունից, հիմնական ազատություններից ու իրավունքներից: Ովքե՞ր են խոսում, ներկայացուցիչները ո՞ր իշխանության: Այն իշխանության, որի օրոք բանտում հացադուլից մարդիկ են մահանում, ըստ էության՝ սպանվում: Ա՞յդ իշխանությունն է իրավունքներից ու ազատություններից խոսում: Նիկոլ Փաշինյանի իշխանությո՞ւնն է խոսում ժողովրդավարությունից: Քաղաքական հակառակորդներին հետապնդող, գաղտնալսող, քաղաքական բանտարկյալներ ունեցող իշխանությո՞ւնը: Դա՞ էլ է սադիստի հաճույք:
Իսկ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը մի հատ էլ գնա «Եռաբլուր» պանթեոն ու այնտեղ խոսի… կյանքի իրավունքից: Հազարավոր երիտասարդների զոհվելու հարցում ուղղակի մեղավորություն ունեցող իշխանությունը խոսի կյանքի իրավունքի՞ց: Չէ՛, իրենք ավելի լավ է լռեն: Լռե՛ն: Առնվազն Սահմանադրության մասին: Որովհետև կախվածի տանը պարանից չեն խոսում: Իրենք թող «խաղաղության օրակարգից» խոսեն՝ նորանոր զոհերի ու թշնամական ագրեսիայի խորապատկերում: Իրենք թող Արցախն ադրբեջանական հայտարարելուց խոսեն՝ թշնամուն ավելի ոգևորելով: Իրենք թող սեղանին աղաման դնել-չդնելուց և ձմերուկը կտրած վաճառել-չվաճառելուց խոսեն, բայց ոչ՝ Սահմանադրությունից, ժողովրդավարությունից, ազատություններից ու իրավունքներից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում