կարևոր
3355 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-06 10:58
Քաղաքական

Ի՞նչ անել, որ ՔՊ-ում ընտրություններն այլեւս չկեղծվեն․ «Հրապարակ»

Ի՞նչ անել, որ ՔՊ-ում ընտրություններն այլեւս չկեղծվեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Քաղպայմանագրում» որոշել են մաքրվել իրենց վարչության կեղծված ընտրությունների խայտառակ խարանից եւ քննարկում են կուսակցության մարմիններում ընտրությունների անցկացման հարցերը: Եվ հատկապես ուզում են վարչության ընտրությունների կարգի հետ կապված այնպիսի գործիքակազմ ներդնել, որը կապահովի հնարավորինս արդար եւ թափանցիկ ընտրություններ առաջիկայում եւ կբացառի նման պատմությունների կրկնությունը։ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ նախաձեռնող խմբի նիստերից մեկում շարքերին հանձնարարել է առաջարկներ ներկայացնել, իսկ նախօրեին կայացած նիստում սկսել են ներկայացված առաջարկների քննարկումը։

Մեզ հայտնի դարձավ, որ, դիցուք, առաջարկներից մեկը եղել է այն մասին, որ ՔՊ վարչության ընտրությունները հնարավորինս ընդարձակ տարածքներում պետք է անցկացնել, որպեսզի ընտրակեղծարար խմբերին հնարավորություն չտրվի գործելու, ինչպես նաեւ դա հնարավոր լինի վերահսկել։ Առաջարկվել է վարչության թեկնածուների քարոզչության համար հավասար պայմաններ ստեղծել, որպեսզի չստացվի այնպես, որ «պեռվի կռուգում» հայտնվածները, օգտագործելով կուսակցության ռեսուրսներն ու կապերը, կարողանան շրջել տարածքային կազմակերպություններում, իրենց օգտին քվեներ կորզել, իսկ մյուսները չունենան այդ հնարավորությունը։ Ուստի առաջարկներից մեկով պետք է ցանկացած թեկնածուի՝ տարածքային կառույց այցելելուց մեկ օր առաջ նախապես հայտարարվի մյուս թեկնածուներին, որպեսզի վերջիններս էլ, ցանկության դեպքում, ներկա գտնվեն։

Քարոզչության համար առցանց հարթակ ստեղծելու հարցն է նաեւ կարեւորվել։ Նշենք, որ վերջին նիստը վարել են ՔՊ վարչության անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արայիկ Հարությունյանը, Վաղարշակ Հակոբյանը եւ, որքան էլ զարմանալի է՝ Արսեն Թորոսյանը, քանի որ Փաշինյանը, հիշեցնենք, այդ օրը Պրահայում էր։ Ներկաներին հատկապես զարմացրել է Արսեն Թորոսյանի ներկայությունը, ով, այսպես ասած, բացահայտեց անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած վարչության ընտրության կեղծիքը, քանի որ դրա հետեւանքով էր ինքը դուրս մնացել վարչությունից, եւ վերականգնվեց միայն վերահաշվարկից հետո։ Փաշինյանը դրանից հետո տեւական ժամանակ չէր կարողանում ներել Թորոսյանին` ընտրակեղծարարության բացահայտման համար, որով ստվեր գցվեց «ընտրությունների կեղծման էջը մեկընդմիշտ փակվել է» փաշինյանական լեգենդի վրա: Բայց, ինչպես ասում են, չկան հավերժ թշնամիներ ու հավերժ բարեկամներ, կան շահեր։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում