կարևոր
7420 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 18:40
Հասարակություն

Մահացել է Վարդան Դևրիկյանը

Մահացել է Վարդան Դևրիկյանը

59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:

Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964թ. մայիսի 18-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում:

1971-1981թթ. սովորել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվ. թիվ 21 դպրոցում:

1981-86թթ. սովորել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում:

1986-88թթ. ասպիրանտ է եղել նույն ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում:

1989թ. հունվարին աշխատանքի է ընդունվել Մաշտոցի անվան Մատենադարանում (Հին ձեռագրերի ինստիտուտ):

1996թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ղևոնդ Ալիշանը և հայ հին գրականությունը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Մասնագիտացումն է հայ միջնադարյան գրականությունը և, հատկապես, հայ միջնադարյան բանաստեղծությունը:

Զբաղվում է նաև հայ միջնադարյան գրականության միջազգային կապերով:

Գրականության ինստիտուտում նախաձեռնել է «5-18-րդ դարերի հայկական աղբյուրները եվրոպական երկրների մասին» մատենաշարը, ուր ներկայացվում են հայ միջնադարյան գրականության մեջ եվրոպական տարբեր երկրների մասին հայտնված տեղեկությունները և նկարագրությունները: Պատմամշակութային առումով նման աշխատանքը պատկերում է Եվրոպայի ու եվրոպական տարբեր երկրների կերպարի (իմիջի) հայկական հավաքական ընկալումը:

Հեղինակ է ավելի քան 30 գրքի և 50-ից ավելի հոդվածների, որոնք տպագրվել են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ռումիներեն:

2013թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ միջնադարյան գանձերը և «Գանձարան» ժողովածուն» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1993-2008թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

1993-1999թթ. որպես «Էջմիածին» ամսագրի փոխխմբագիր, իսկ 2002-2009թթ.՝ խմբագիր, 1997-2009թթ. եղել է նաև Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչ:

2009թ. առ այսօր աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում՝ նախ որպես ավագ գիտաշխատող հայ հին գրականության բաժնում, ապա՝ այդ բաժնի վարիչ, 2009թ. դեկտեմբերի 24-ից՝ որպես ինստիտուտի փոխտնօրեն գիտական գծով: 2015թ. մայիսի 4-ին ընտրվել է ինստիտուտի տնօրեն:

Ամուսնացած է, ունի դուստր: