Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին ՀՀ գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչների կողմից դրսևորվում է գռեհիկ, փաստացի խուլիգանական և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող վարքագիծ, ինչը որևէ կերպ դեռ չի արժանացել իրավապահ մարմինների համարժեք արձագանքին։
Մասնավորապես, համաձայն քաղաքացի Կարեն Մկրտչյանի հաղորդման՝ ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանրային վայրում թքել է իր դեմքին․ հանգամանք, որը չի հերքվել Ալեն Սիմոնյանի կողմից՝ ավելին, ներկայացվել է նրա կողմից որպես «արժանապատիվ տղամարդուն» հարիր վարքագիծ, թեև իրականում քաղաքացու արժանապատվությունը ծայրաստիճան նսեմացնող արարք է, և հարիր է միայն փողոցային խուլիգանին։
Նմանապես, ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանի քաղաքական ելույթի, ուղիղ եթերում բացահայտ սպառնաց «կտրել նրա լեզուն», «ջարդել ոտքերը» և այլն, դրանով փորձելով հոգեբանական ահաբեկչության ենթարկել ընդդիմության կողմից առաջարկված թեկնածուին։ Արթուր Հովհաննիսյանին աջակցեցին ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորներ, որոնք ուղիղ եթերում անձնապես վիրավորում էին ՄԻՊ թեկնածուին և փորձում նսեմացնել նրա մարդկային արժանապատվությունը։
«Համախմբում» շարժման Խորհուրդը խստիվ դատապարտում է գործող իշխանությունների ներկայացուցիչների կողմից բռնարարքների ու բռնության գործադրմամբ սպառնալիքների այս շղթան, ինչպես նաև դրանց առնչությամբ իրավապահ մարմինների դրսևորած փաստացի անգործությունը։
Անպատժելիությունը համարելով նոր բռնություններ ծնող հանգամանք՝ դիմում ենք ՀՀ Գլխավոր դատախազին, ընդունելու սույն հայտարարության մեջ նշված փաստերը՝ որպես հաղորդում առերևույթ հանցագործության մասին, և պահանջում ենք ձեռք առնել համապատասխան միջոցներ օրենքով սահմանաված կարգով հետաքննելու այդ փաստերը և համապատասխան իրավական գնահատական տալու դրանց։
«Համախմբում» շարժման Խորհուրդ