կարևոր
3970 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 09:59
Քաղաքական

Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. բացառիկ մանրամասներ նրա այցից. «Ժողովուրդ»

Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. բացառիկ մանրամասներ նրա այցից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 18-ին դուստրերի հետ այցելել էր Իրան՝ մասնակցելու «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»:

Աննա Հակոբյանը սոցցանցերում ջանք ու եռանդ չէր խնայում, պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում, որպեսզի ցույց տա, թե ինչ «ջերմ» մթնոլորտում է անցել իր՝ Թեհրան այցը, ինչպիսի լավ ընդունելության է արժանացել այնտեղ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ոչ՛ տեղի հայ համայնքը, ո՛չ էլ հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին: Տեղեկացանք, որ վարչապետի տիկինն անգամ խուսափել է այցելել հայկական եկեղեցի, որպեսզի այնտեղի հայերին չհանդիպի, փոխարենը Իրան ժամանած մյուս հյուրերի հետ այցելել է մզկիթ ու այնտեղ միջոցառումների մասնակցել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ սա հատուկ վերաբերմունք է ոչ միայն Աննա Հակոբյանի, այլեւ Հայաստանից այցելած բոլոր պետական պաշտոնյաների նկատմամբ:

Իրանահայերն այսպիսով իրենց դիրքորոշումն են հայտնում գործող իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության նկատմամբ, ինչի հետեւանքով Հայաստանը եւ Արցախը գրեթե ամեն օր նոր կորուստներ են կրում:

«Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո երկու անգամ այցելել է Թեհրան, բազմաթիվ նախարարներ են այցելել, մի քանի ամիս առաջ Ալեն Սիմոնյանն էր այցելել, արդեն անցած շաբաթ էլ Աննա Հակոբյանը երկու դուստրերի հետ Իրանում էր, բայց այդ բոլոր այցերի ժամանակ ազգային առաջնորդարանում որեւէ այցելություն չի կազմակերպվել նրանց համար, հայ համայնքը ղեկավարող կառույցները չեն հյուրընկալել նրանց. սա հստակ ուղերձ է եղել: Ես լսել եմ նաեւ թեմական առաջնորդի կողմից, որ ինքը եւս պատրաստ չէ ընդունել այսօրվա իշխանություններին իրենց կեցվածքի ու վերաբերմունքի պատճառով, որը ցուցաբերել են պատերազմից հետո: Ինչ վերաբերում է եկեղեցի այցին, ապա դա տարբեր է. եկեղեցիների դռները բաց են, նույնիսկ օտարերկրացիները կարող են գալ, մոմ վառել. արգելքը ազգային առաջնորդարան հյուրընկալելու կապակցությամբ է եղել:

Որեւէ բան չէր արգելում նրան այցելել հայկական եկեղեցի, նույնիսկ դրանից է խուսափել. հավանաբար, մտավախություն է ունեցել, որ այնտեղ քաղաքացիների կհանդիպի, որոնք կոշտ են վերաբերվելու իրեն, խուսափել է անախորժ միջադեպերից: Բայց, դրա փոխարեն, տեսանք, որ չադրայով այցելել է իսլամական սրբավայր, մասնակցել է տարբեր արարողությունների: Սպահանում Սուրբ Ամենափրկիչ վանք ու թանգարան է այցելել կարճ ժամանակով, այնտեղից մի երկու սելֆիներ է արել, բայց այնտեղ էլ համայնքը ղեկավարող կառույցներն ու եկեղեցին պատրաստ չեն եղել նրան ընդունելու»,- պատմեց մեր զրուցակիցը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում