կարևոր
3343 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 14:50
Քաղաքական

Պետք է ամեն կերպ աջակցել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը․ Գեղամ Մանուկյան

Դեկտեմբերի 15-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա խոսել է վերջին օրերին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին և ներկայացրել այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ մեծամասնության ընդունած հայտարարությունը՝ որակելով այն անատամ, ոչինչ չասող և իրականությունից կտրված: «Նախապես հայտնի էր միայն ընդդիմության համատեղ հայտարարության նախագիծը, որի քննարկման համար էլ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ: Սակայն, որոշ ձգձգումներից հետո անակնկալ ձևով պարզվեց, որ հայտարարության տեքստ է կազմել նաև իշխանական մեծանասնությունը, որն էլ ԱԺ խորհրդի որոշումով ի վերջո դրվեց քննարկման և ընդունվեց իշխող քաղաքական ուժի կողմից: ԱԺ խորհրդի նիստում էլ նրանց ասվել էր, որ իշխող խմբակցության հայտարարությունը ոչ միայն անատամ է, այլև վտանգավոր և կարող է վաղն օգտագործվել Արցախի ու Հայաստանի դեմ: Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, նշեմ, որ արցախահայերն այդ հայտարարության մեջ հիշատակված են որպես «Լեռնային Ղարաբաղի բնակիչներ»: Նրանք նույնիսկ «հայ բնակիչներ» չեն, այլ պարզապես մարդիկ, որ ապրում են Արցախում: Բայց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը առանձին միավոր է, պետական միավոր է, որ նրա քաղաքացիները իրավունքներ ունեն, նաև ինքնորոշման իրավունք, ոչ մի հիշատակություն չկա ՀՀ ԱԺ իշխանական հայտարարության մեջ: Վաղը, մյուս օրը Ադրբեջանը կարող է միջազգային հարթակներում օգտագործել այդ հանգամանքը և հայտարարել՝ եղբայր, դուք ինձնից ի՞նչ եք ուզում, երբ Հայաստանի խորհրդարանը որևէ ձևակերպում չի տալիս արցախահայությանը»,- նշել է Գեղամ Մանուկյանը:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին օրերին Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմանն ու Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելությունը նսեմացնելու փորձերին: Ըստ Գեղամ Մանուկյանի՝ բնապահպանների անվան տակ գործող խմբի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի փակումը ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կոպիտ խախտում է, այլև ռուս խաղաղապահներին Արցախից օր առաջ հեռացնելու նպատակ է հետապնդում: «Մենք իրավունք չունենք մեր անխոհեմ քայլերով ու հայտարարություններով նպաստել դրան: Ընդհակառակը, մենք պետք է ամեն կերպ աջակցենք Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը՝ իրացնելու իր ստանձնած պարտավորությունները»,- ընդգծել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում