Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել «Թասնիմ» լրատվական գործակալությանը:
Դեսպանը, անդրադառնալով Իրան-Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերություններին, ընդգծել է՝ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի անկախությունից ի վեր մշտապես եղել են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններից մեկը:
«Վերջին ժամանակահատվածում մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմը, դրանում ահաբեկչական կազմակերպությունների ներգրավումը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից էլ ավելի ցայտուն են դարձնում Հայաստանին և Իրանին ուղղված համատեղ մարտահրավերները, ինչպես նաև առավել քան երբևէ կենսական են դարձնում ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների առավել խորացումը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»,- ասել է դեսպան Ավագյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե որն է լինելու Հայաստանի փոխադարձ քայլը Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումից հետո, դեսպանը պատասխանել է, որ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության և Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հարցը գործնական փուլ է մտել վերջին երկու տարում:
«Իրանի կողմից Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը հստակ կերպով ընդգծում է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը ՀՀ-ԻԻՀ ցամաքային կապի ապահովման տեսանկյունից։ Նշված տրամաբանության մեջ հայկական կողմն իր հերթին շահագրգռված է ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսության բացմամբ, ինչի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում Հայաստանի համար Թավրիզն ունի առանձնահատուկ նշանակություն՝ նկատի ունենալով այդ քաղաքի տնտեսական, արդյունաբերական և լոգիստիկ հնարավորությունները։ Հետևաբար, ՀՀ և ԻԻՀ կառավարությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի զարգացնել և ամրապնդել հայ-իրանական սահմանով անցնող հազարամյա երթուղին, որի կարևորության մասին իր խոսքում հիշատակել է նաև Իսլամական հեղափոխության հարգարժան առաջնորդը»,- ասել է դիվանագետը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը և սահմանազատման և սահմանագծման գործընթացին, դեպանն ընդգծել է՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ինչպես նաև իրականացնել սահմանազատման և սահմանագծման գործընթաց:
«Միջազգային հանրության կողմից կա հստակ հորդոր՝ շարժվելու խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն յուրաքանչյուր հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու փոխարեն Ադրբեջանը դիմում է նորանոր սադրանքների: Նման գործելաոճը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար։ Ադրբեջանը իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ՝ շարունակաբար ահաբեկելով տեղի բնակչությանը՝ զուգորդված զինված գործողություններով ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։ Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում անկյունաքարային է տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը»,- մասնավորապես ասել է Իրանում ՀՀ դեսպանը:
Ավագյանի խոսքով՝ Հայաստանը հավատարիմ է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությանը՝ ապահովելու հուսալի ցամաքային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել ավտոճանապարհային և երկաթուղային նոր ուղիների շինարարության հնարավորությունը, սակայն այս ուղղությամբ հայկական կողմի ներկայացրած մի շարք առաջարկներ Ադրբեջանը մերժել է՝ փորձելով զուգահեռներ անցկացնել Լաչինի միջանցքի հետ։
«Այս կապակցությամբ պետք է ընդգծել, որ բացի նրանից, որ Լաչինի միջանցքի գործունեությունը հստակ համաձայնեցված է եռակողմ հայտարարությամբ, այն նաև արտաքին աշխարհի հետ Լեռնային Ղարաբաղի կապի ապահովման միակ և կենսական ուղին է, առանց որի այն կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, ուստի և տեղին չէ որևէ զուգահեռ անցկացնել «Զանգեզուրի միջանցքի» և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող տրանսպորտային երթուղու միջև»,- պատասխանել է դեսպանը: