կարևոր
3661 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-29 10:50
Քաղաքական

ՔՊ խմբակցությունը երեկ գաղտնի հյուրեր ուներ. ո՞ւմ են հանդիպել պատգամավորները. «Ժողովուրդ»

ՔՊ խմբակցությունը երեկ գաղտնի հյուրեր ուներ. ո՞ւմ են հանդիպել պատգամավորները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, աշխատանքային քննարկում-նիստի ժամանակ մի քանի հյուրերի է ընդունել- ճանապարհել:

Բանն այն է, որ խորհրդարանականներն առաջիկայում Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամներ պետք է ընտրեն, ու, մեր տեղեկություններով, ՔՊ-ականները երեկ վերոնշյալ կառույցների անդամ դառնալ ցանկացող թեկնածուների հետ են հանդիպել, քննարկում ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ Կենտրոնական բանկի անդամ դառնալ են ցանկանում Նարեկ Ղազարյանն ու Արմեն Նուրբեկյանը: Նրանք երեկ հանդիպել են իշխող մեծամասնության հետ, քննարկում ունեցել:

Քաղաքական իշխանությունը, մեզ հասած լուրերի համաձայն, դեմ չէ ո՛չ Ղազարյանի, ո՛չ Նուրբեկյանի թեկնածությանը: Տեղեկացանք նաեւ, որ նրանք երկուսն էլ ԿԲ-ի հին կադրերից են: Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու՝ իշխանությունը մտադիր է Գագիկ Բարսեղյանին ներկայացնել ու սատարել: Նա, նշենք, ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետ է: Ինչ վերաբերում է ՀՌՀ անդամի թեկնածությանը, ապա նիստին մասնակցած պատգամավորները մեզ տեղեկացրին, որ երիտասարդ աղջկա միայն անունն են հիշում՝ Լենա: Ինչ վերաբերում է նրան՝ որպես ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրելուն ու սատարելուն, ապա ՔՊ-ում այդ մասով դեռեւս վերջնական տեսակետ չկա: Փաստն այն է, սակայն, որ ՀՌՀ անդամ դառնալ ցանկացող աղջիկը նիստին մասնակցող առանց այն էլ սակավաթիվ պատգամավորների մոտ չի տպավորվել, եւ որեւէ մեկը նրա ազգանունը չէր մտաբերում:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ նկատեց, որ 71 պատգամավոր ունեցող խմբակցության աշխատանքային նիստին երեկ մեկ տասնյակին մոտ մարդ էր մասնակցում: ՔՊ-ական պատգամավորներից շատերն անգամ տեղյակ էլ չէին, որ նիստ ունեն: Դա, թերեւս, խորհրդարանական աշխատանքի նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքի ու խմբակցության ղեկավարության աշխատեալոճի մասին է վկայում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում