կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 19:00
Քաղաքական

Նախագահի գործողությունները հակասում են Սահմանադրությանը. Արամ Մանուկյան

Նախագահի գործողությունները հակասում են Սահմանադրությանը. Արամ Մանուկյան

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայ հասարակությունը ականատես եղավ արտառոց գաղտնիության պայմաններում տեղի ունեցող` մեր երկրի համար ճակատագրական մի շարք իրադարձությունների. այսօր` ԱԺ հայտարարությունների ժամին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

 

Դրանք, ինչպես իր խոսքում նշեց պատգամավորը, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը, գազի գնի բարձրացումները…

 

«Բոլոր այդ գործընթացները գաղտնի են պահվել թե' հասարակությունից, թե' քաղաքականությունից եւ թե', որոշ դեպքերում, կառավարությունից, ինչը ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի կոպիտ խախտում է»,- շեշտեց Արամ Մանուկյանը:

 

Այնուհետեւ պատգամավորը նշեց, թե իրադսրձություններից տեղյակ չեն նաեւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, իսկ որպես իր ասածների փաստարկում նշեց` տարբեր պաշտոնյաների ու իշխող կոալիցիայի ներկայացուցիչների միաժամանակ արված իրարամերժ հայտարարությունները: Ոչ հրապարակային ու կամայական այս գործելաոճի հետեւանքով ԵՄ-ի ու ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերություններում, համոզմունք հայտնեց Արամ Մանուկյանը, առաջացել է անվստահություն եւ լարվածություն` էլ ավելի է լարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը, ոչնչացել է միջազգային ասպարեզում Հայաստանի` որպես վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ վարկը:

 

«Ակնհայտ է, որ հասարակությունից գաղտնի գործողություններ կատարելը պայմանավորված է նրանով, որ, չունենալով լեգիտիմության անգամ չնչին պաշար եւ հետեւաբար` նաեւ հասարակական աջակցություն, Սերժ Սարգսյանը կորցրել է իրավիճակի նկատմամբ որեւէ վերահսկողություն, ամբողջովին մեկուսացել է թե' հասարակությունից, թե' քաղաքական ուժերից: Ու ճակատագրական հարցերում կայացնում է որոշումներ ոչ թե հանուն երկրի ու ժողովրդի, այլ ընդամենը կատարում է օտարների կողմից իրեն պարտադրված որոշումները, ինչը նսեմացուցիչ է ոչ միայն իր, այլեւ երկրի ու ժողովրդի համար»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

 

Նա նշեց, որ նախագահի հետագա պաշտոնավարումը խանգարում է Հայաստանի զարգացմանը եւ կարեւորեց Հայաստանի հասարակական-քաղաքական ուժերի միավորումը ոչ իրավակարգ իշխանության հեռացման ու ազգային շահերը պաշտպանող իշխանության ստեղծման հարցերի շուրջ: