Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2022 թ. օգոստոսին Երևանի մի շարք փողոցներում փակցվել էին «Հայաստան» դաշինքի տարբերանշանով թռուցիկներ, որտեղ իբր ճանաչվում էր Հյուսիսային Ղազախստանի, Խերսոնի, Մարիուպոլի, Ղրիմի (ըստ կեղծիք տարածողների` Գրիմ), Լուգանսկի, Դոնեցկի, Տիրասպոլի, Ցխինվալի, Զապորոժիեյի` ՌԴ-ի մաս կազմելը, և կոչ էր արվում Արցախը Ռուսաստանի մաս ճանաչել:
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այդ ժամանակ ահազանգել էր տարածվող կեղծիքի մասին. «…Դրանք կեղծ են, կապ չունեն դաշինքի հետ ու պարզապես մեր երկրում նոր քարոզչական սադրանքի նպատակ են հետապնդում: Իշխանական ու մերձիշխանական սադրիչներն ու հանրային գիտակցությունը պղտորողները ավելի ցածր մակարդակի են իջել... անզորներ: Իրավապահ էլ չկա, որ կոչ անեմ միջցներ ձեռնարկել: Բայց որտեղ այս թռուցիկ փակցնող բռնեցինք, ստիպված մոտը եղած կեղծ թռուցիկների թղթերով լեցուն ստամոքսով կճանապարհենք առնվազն…»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արծվիկ Մինասյանը ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ՀՀ արդեն նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցում էր ուղարկել` ակնկալելով իրավապահ մարմինների համապատասխան իրավական գնահատականը, իրավախախտում կանխելն ու այն կատարածներին պատասխանատվության ենթարկելը:
«Արդեն տևական ժամանակ «Հայաստան» դաշինքի անունից («Հայաստան» դաշինքի պաշտոնական տարբերանշով) սադրիչ նյութեր են տարածվում, որոնցով փորձ է արվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար (հատկապես Արցախի Հանրապետության գոյաբանական ներկա մարտահրավերների պայմաններում քաղաքականապես վտանգավոր և դաշինքին հեղինակազրկող ձևակերպումներ տարածել:
Ելնելով այս զազրելի արարքի հակաիրավական, հակապետական վտանգավոր բնույթից, ակնկալում եմ Ձեր համապատասխան հանձնարարականները արարքին իրավական գնահատական տալու, շարունակվող իրավախախտումը կանխելու, իրավախախտում թույլ տված անձանց բացահայտելու և նրանց սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար», - նշվում է հարցման մեջ:
Հարցմանն արձագանքել է ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, որը, սակայն, որևէ հանցակազմ չի տեսնում նման գործողության մեջ:
«Հայտնում եմ, որ այն չի պարունակում հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կառուցակարգերը գործողության մեջ դնելու համար։
Միաժամանակ, հայտնում եմ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցներ «Հայաստան» դաշինքի պաշտոնական տարբերանշանն օգտագործած անձանց ինքնությունները պարզելու և վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար», - նշված է Աբազյանի պատասխանի մեջ:
Այստեղ հարց է առաջանում, եթե ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում այդ անձանց ինքնությունը պարզելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար, ապա ինչպես որևէ հանցակազմ չի տեսնում: