կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 16:46
Հասարակություն

«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Արշակյանը դարձավ Շուշիի խորհրդանիշերից մեկը

«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Արշակյանը դարձավ Շուշիի խորհրդանիշերից մեկը

Արցախի Մատաղիսը թագավորություն հռչակած փիլիսոփա, իրավագետ, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանը կյանքը նվիրեց Շուշիին։ Ամենագեղեցիկ բաճկոնը հագին գնաց Շուշի. «Եթե ոչ ես, ով պիտի պաշտպանի Շուշին, իմ զինվորներին չեմ կարող մենակ թողնել»։

Գևորգ Արշակյանը Մայր բուհի շրջանավարտ էր, պատերազմի առաջին օրը համալսարանում ջոկատ կազմեց, գնաց Արցախ։ Պատերազմից մեկուկես տարի անց, երբ Ազգային ժողովում ակնարկում են Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին, Մայր բուհը չի արձագանքում հակահայկական թեզին. արձագանքում է՝ դուռ փակելով։

Եթե Գևորգը ողջ լիներ, համալսարանում դուռ չէր փակվի։

«Թող աշխարհը հասնի քո անկախության ճանաչման գիտակցմանը, որովհետև դու ես, որ ցույց ես տալիս ճշմարիտ խաղաղության ճանապարհը»։ Գևորգի՝ 2020 թվականի գրառումն է՝ Արցախի անկախության օրվան նվիրված՝ պատերազմից օրեր առաջ։ Գևորգի համար ազգային արժանապատվությունն ու պատմական արդարությունը չէին կարող ստորադասվել խաղաղության կեղծ օրակարգին։

Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը սեփական ծննդյան օր հռչակած Գևորգի երազանքը միացյալ Հայաստանի անձնագիր ունենալն էր. Գևորգի ընտրությունը՝ Շուշիի համար կյանքը նվիրաբերելն այդ երազանքին հասնելու գիտակցված քայլ էր։

Պատմում էր՝ Մատաղիսում դպրոցականներն «Ուրալ»-ով են դպրոց գնում. «Սա Արցախն է, որտեղ մանուկներն էլ պաշտպանների շարքում են»։ Համարում էր, որ այդ իրականության մեջ ապրող երեխաներն անկախության ու ազատության են արժանի։

Պատերազմից մեկուկես տարի անց պետության ղեկավարները խուսափում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին խոսել, Արցախի ու Արցախում ապրող երեխաների հոգսերի, պաշտպանության մասին խոսել։

Եթե Գևորգը ողջ լիներ, կիրագործեր երազանքը՝ Արցախում ապրող փոքրիկների համար գիտելիքի դպրոց կհիմներ։

Գևորգ Արշակյանը պատերազմից շաբաթներ անց հերթափոխին վերադարձել էր Երևան. վատառողջ էր, լսելով Շուշիին սպառնացող վտանգի մասին, ջոկատի տղաներին չսպասելով, «եթե դուռը փակեք, պատուհանից դուրս կգամ» ասելով նորից մեկնեց Արցախ՝ Շուշի։

«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Արշակյանը երկու անգամ վիրավորվել է, վիրակապել է վերքն ու շարունակել մարտը։ Կա տեղեկություն, որ Գևորգը զոհվել է խաչքարը մարմնով թշնամու փամփուշտներից պաշտպանելիս։

Պատերազմից մեկուկես տարի անց երկրի իշխանությունները խուսափում են գոնե մայիսի 8-9-ին Արցախ գնալ։

Եթե Գևորգը ողջ լիներ, դժվար չէր լինի Շուշիի վերաազատագրմանը հավատալը. առայժմ Հայկը պարտվում է ոսոխ Բելին։