Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտ» թերթը գրում է․ «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթներն անտրամաբանական կամ տրամաբանությանը հակադիր է համարում:
«Մարդկանց պարզ պիտի ասել՝ այո, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները պատրաստվում են Արցախի հանձնմանը, մեր հանրությանը պատրաստում են Արցախը հանձնելուն»,-«Առավոտի» հետ զրույցում ահազանգեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթներին:
Նա, դիտարկելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նաեւ վերջին երեք-չորս ամիսների ելույթները, նկատեց՝ դրանք տարբերվում են նրանից, ինչ ներկայացրել է ընտրությունների ժամանակ: Նախկին պատգամավորը պարզաբանեց. «Այն պնդումը, թե մենք ներկայացնում ենք խաղաղության դարաշրջան, եւ մեզ մանդատ են տվել, թող բացեն եւ իրենց ծրագիրը նայեն, թե ինչ են ասել Արցախի մասին: Անգամ շեշտում են դեօկուպացիայի հարցը: Եվ այժմ իրենք հեգնում են բոլոր նրանց, որոնք խոսում են Շուշիի ու Հադրութի մասին»:
Ըստ Տաթեւիկ Հայրապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե Շուշիի համար է եղել պատերազմ, մանիպուլյացիա է: Նա հիշեցրեց, որ անգամ Շուշիի հետ կապված հարց է տվել նրան դեռ 7-րդ գումարման ԱԺ-ում եւ նա՝ ըստ ադրբեջանագետի՝ հերթական մանիպուլյացիան էր արել ու ասել՝ կապ չունի, որ Շուշիի հարց չի քննարկվել. այդ ե՞րբ են բանակային գործընթացի արտացոլումներն իրականություն դարձել:
Տաթեւիկ Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ելույթներն անտրամաբանական կամ տրամաբանությանը հակադիր է համարում. «Տրամաբանության մեջ, երբ բերում ես հիմնավորում կամ փաստարկ, դրանից բխեցնում ես եզրակացություն: Փաշինյանը բերում է փաստարկը, որ Ադրբեջանն էթնիկ հայի նկատմամբ ատելություն է քարոզում, դրանից բխեցնում է իրար հակադիր երեւույթներ: Մի կողմից ասում է, որ Բաքուն ու Սումգայիթը մեզ դասեր պիտի լինեին, մատաղացու գառ չպիտի դառնանք, պետք է խաղաղ ապրենք, ո՞վ է ասել՝ չի կարող լինել Արցախը Ադրբեջանի կազմում, մյուս կողմից ասում՝ մենք հո չե՞նք հանձնում Արցախը. ուղղակի խոսակցություն ենք բացում: Սրանք հակատրամաբանական բնորոշման մեջ պարզ մանիպուլյացիաներ են, երբ փորձագետները, մարդիկ, որոնք մտահոգ են իրենց երկրի համար, չգիտեն՝ ինչ անեն»:
Ըստ ադրբեջանագետի՝ թեեւ դա անվանում են խաղաղություն, բայց հոգեբանական ահաբեկչություն են անում: Նա նմանություններ է տեսնում Նիկոլ Փաշինյանի ելույթների եւ Իլհամ Ալիեւի՝ երկու օր առաջ կառավարության ծրագրերի ամփոփման ժամանակ արված ելույթների միջեւ. «Նույնականացումը, նույն բառերի օգտագործումը. սա հոգեբանական ահաբեկչություն է հայ ժողովրդի նկատմամբ: Սա տարիներով փորձել է մեր նկատմամբ Ադրբեջանն անել, ծախսել հսկայական ռեսուրսներ, բայց իրենք երկու օրում արեցին մեր հանդեպ՝ որպես ժողովուրդ»:
Ըստ Տաթեւիկ Հայրապետյանի՝ երկուսուկես տարի ոչինչ չի արվել, հիմա բոլորին մեղադրում են. «Փոխանակ մտածեն այն սպառնալիքների մասին, որտեղ ասվում է՝ դուք բանակ չեք ունենալու, իրենք ասում են՝ այո, խաղաղությունն այն է, որ մենք զինվորներ չունենանք, լինեն սահմանապահներ: Ասում են, թե պիտի հասկանանք՝ Արցախ պահելով վտանգում ենք Հայաստանը: Այսինքն՝ իրենք պատրաստ են զոհել Արցախը՝ անունը դնելով, որ փրկում են Հայաստա՞նը: Հետո ասում են՝ մենք չենք կարող երաշխավորել, որ դրանից հետո խաղաղություն կլինի, Ադրբեջանն անկանխատեսելի պետություն է: Հակասությունների մի ամբողջ շարք, որը հանրային դաշտում ուղղակի հոգեբանական խորը ապատիա է առաջացնում»: Տաթեւիկ Հայրապետյանի համոզմամբ՝ անելանելիության իրավիճակ չկա: Ըստ նրա՝ Ադրբեջանը 1994-ին շատ ավելի ծանր ու բարդ պայմաններում էր զինադադար ստորագրել, բայց դրանից հետո իրենց առաջ նպատակ են դրել, հասել դրան, իսկ մենք երկուսուկես տարի ոչինչ չենք արել. «Հայտարարում են, թե պայքարեցին, որ Արցախը պահեն, դրանից հետո հայտարարել է, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ, Մինսկի խումբն ունի հայտարարություն, որտեղ նշվում է՝ կա հակամարտության համապատասխան լուծման կարիք: Այսինքն՝ եթե աշխատանք տարվում է, արդյունք լինում է: Իսկ իրենք ոչինչ չեն արել երկուսուկես տարի, հիմա մեղավոր է միջազգային հանրությունը, որ իրեն իբր դրդում է ինչ-որ բաներ ստորագրել, մեղավոր են ռուս խաղաղապահները, մեղավոր է ՀԱՊԿ-ը, ընդդիմությունը, նախկինները, ժողովուրդը, բոլորը: Եվ հետո Աստվածաշնչից ստացած զորությամբ իրենք պատրաստվում են հանձնել մեր երկիրն Ադրբեջանի ողորմածությանը: Մի քիչ գրոտեսկային է ստացվում ասածս, բայց սա է իրենց ամբողջ ելույթների իմաստը»:
Մեր դիտակմանը՝ սա արվում է հանուն իշխանություն պահելո՞ւ, Տաթեւիկ Հայրապետյանը պատասխանեց. «Ո՞ւմ է պետք իշխանություն մի երկրի, որը գրեթե զուրկ է լինելու պետականությունից: Ո՞ւմ է պետք իշխանություն, եթե չկա Արցախ, Սյունիք: Ի՞նչ են այդ իշխանություններն անելու»: Մեր դիտարմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հանրությունն, իմանալով իրենց օրակարգը, իրենց է ընտրել, Տաթեւիկ Հայրապետյանը վստահեցրեց՝ հանրությունը չի իմացել. «Երբ Նիկոլ Փաշինյանը մուրճը վերցրել էր, ընկել մարզերը, ինքն ասում էր, որ ճանաչելու է Արցախն Ադրբեջանի կազմո՞ւմ: Դրա համար էի ես ասում՝ եթե խոսում ենք խաղաղության մասին, ասեք՝ ո՞րն է խաղաղության մասին ձեր տեսլականը: Միջազգային շրջանակներում ունեցածս հանդիպումները փաստում են՝ չեն հասկանում՝ Հայաստանն ի՞նչ է ուզում, ո՞րն է տեսլականը: Կեղծում են այդ տեսլականը, հետո ասում են՝ դուք մեզ այդ հնարավորությունը տվել եք»:
Ըստ ադրբեջանագետի՝ եթե անգամ իր բնորոշմամբ՝ այդ հրեշավոր, չարաբաստիկ, դավաճանական կապիտուլյացիաի թուղթը ստորագրվի, եւ որեւէ կերպ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, իրենք դա չեն կարողանալու իրագործել իրական կյանքում: Տաթեւիկ Հայրապետյանը վստահ է՝ հստակ է արցախցիների կամքն այդ առումով: Նշենք, որ նաեւ մեկ օր առաջ Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում հայտարարություն ընդունեց, որով պահանջում են, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից: Ադրբեջանագետն ասաց. «Ամբողջ երկրով, ժողովրդով ու հայրենիքով երեսուն տարի կյանք ենք դրել Արցախի պետականության համար: Այսինքն՝ չունենալ Արցախ, բերելու է պետականության կորստի»:
Տաթեւիկ Հայրապետյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար քաղաքական ու ապաքաղաքական կոնսոլիդացիա է պետք, պիտի գտնել համախմբման կենտրոնը. «Պետական ապարատում աշխատում են բազմաթիվ մարդիկ, որոնք ուղղակի շոկի մեջ են այս օրակարգից, նույն իրենց թիմում: Սարսափած են, չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Պետք է թափ տան իրենց՝ հարմարվելով հո չի՞: Ո՞նց եք դուք ապրելու, ինչպե՞ս է մեր կյանքը շարունակվելու կամ շարունակվելո՞ւ է, թե՝ ոչ»:
Տաթեւիկ Հայրապետյանը վստահ է, որ ստորագրման համար ինչ-որ թուղթ կա, հենց դրա համար էլ այս օրերին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եվրոպական երկրների տարբեր քաղաքներում հանդիպումներ է ունենում Հիքմեթ Հաջիեւ հետ, իսկ ԱԳՆ-ն՝ այսպես կոչված «ֆուտլյարի» դեր է տանում. «Ամեն տեղ արել են քաղաքական նշանակումներ, որպեսզի սպանեն ներքին բոլոր դիմադրությունները: Չեմ կարծում, որ բոլորը պատրաստ են հանձնվել եւ երկիրը թղթով նվիրել Ադրբեջանին»:
Տաթեւիկ իհարկե, տեսնում է ԵՄ ակտիվ ներգրավվածությունը եւ կոնկրետ ներկայացուցիչների, բայց նաեւ նշում, որ ամերիկյան կողմից ազդակներ են գալիս, որտեղ հանրաքվեի հարցը դրված է. «Միանշանակ ասել, որ Նիկոլ Փաշինյանին Արեւմուտքն ասում է՝ գնա եւ կապիտուլյացիա ստորագրի, այդպես չէ: Արեւմուտքից հայտարարություններ են անում, որոնք այդ եզրակացության հիմքը չեն տալիս: Նիկոլ Փաշինյանն է փորձում դա այդպես ներկայացնել: Նույն կերպ շարունակ բարդում է իրավիճակը ռուսական կողմի վրա: Այսինքն՝ օգտագործում է տարբեր դերակատարների եւ ստեղծում այդ մանիպուլյացիան»:
Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են Նիկոլ Փաշինյանի դրդապատճառները, Տաթեւիկ Հայրապետյանը սա երկրորդական համարեց ու նշեց. «Եթե ինքը չունի լուծում, լուծումը պարզ է. հրաժարական տալ եւ հեռանալ: Մարդիկ շատ ավելի բարդ քայլերի են գնացել, երբ չեն ունեցել լուծումներ: Մարդը, եթե ինքն իր ներսում պարտվել, հանձնվել է, պարտադիր չէ՝ իր հետեւից տանի պետություն եւ դրա անունը դնի խաղաղության դարաշրջան»:
Տաթեւիկ Հայրապետյանը հայտարարեց՝ պատրաստ ենք ազգովի Նիկոլ Փաշինյանին տրամադրել անվտանգության երաշխիքներ, եթե դա է խնդիրը, միայն թե թող մեզ չկործանի: Մեր հիշեցմանը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով Վիեննայում նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, նշել է, որ նման հանդիպումներ կարող են ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ ՀՀ-ում տեղի ունենալ, Տաթեւիկ Հայրապետյանն այսպես մեկնաբանեց. «Իրենց համար երանելի է, որ ՀՀ-ում նման իշխանություններ կան, որոնք ընդհանրապես պետական շահի գիտակցում չունեն եւ որեւէ քաղաքականություն չեն կարողանում վարել: Միայն հակառակորդների հետ է շատ սինքրոնիզացված աշխատանք գնում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։