կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-07 08:18
Քաղաքական

Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպման արդյունքներով որոշվել է ԱԳ նախարարներին հանձնարարել խաղաղության փաստաթղթի պատրաստումը

Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպման արդյունքներով որոշվել է ԱԳ նախարարներին հանձնարարել խաղաղության փաստաթղթի պատրաստումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի շուրջ քննարկումները շարունակելու եւ երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունները զարգացնելու նպատակով։ Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի ղեկավարի հայտարարության մեջ։

«Նախագահ Միշելը հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ԵՄ-ի հանձնառությունը՝ լարվածությունը հաղթահարելու եւ անվտանգ, կայուն, խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի առաջխաղացման համար, ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

Ղեկավարներն ամփոփել են զարգացումները 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից հետո եւ 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ տեսակոնֆերանսից հետո: Նրանք վերանայել են իրենց վրա վերցրած պարտավորությունների կատարման առաջընթացը: Նրանք քննարկել են լարվածության մասին վերջին հաղորդումները եւ հաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության պայմանների լիարժեք պահպանման անհրաժեշտությունը։ Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը եւ համաձայնել են այդ փոխգործակցության շարունակման անհրաժեշտության հետ՝ առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների համարժեք իրականացումն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարեւորությունը՝ «վստահության ամրապնդման եւ խաղաղ գոյակցության համար»։

«Նա ընդգծել է չլուծված բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական եւ արագ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ կալանքի տակ մնացածների ազատ արձակումը եւ անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը, եւ հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին։ ԵՄ-ն նաեւ կշարունակի աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաեւ հումանիտար ականազերծման ջանքերին, ներառյալ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրումը եւ ֆինանսական օգնության ավելացումը, ինչպես նաեւ օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, նրանց ռեաբիլիտացիային եւ վերականգնմանը»,- ասվում է հայտարարության մեջ։