Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
parliamentmonitoring.am -ի հարցազրույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ
-Պարո՛ն Մինասյան, օրերս ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե ՀՅԴ-ն բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ է անում: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը:
–Ռուբեն Ռուբինյանը կեղծիք տարածեց, ինչը բնորոշ է ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագրին»՝ սկսած Նիկոլ Փաշինյանից։ Որևէ փաստ, որով կհիմնավորի Ռուբեն Ռուբինյանն իր ասածը, ուղղակի չկա: Հակառակը, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ՀՅԴ-ն, ինչպես նաև այն քաղաքական ուժերը, որոնց հետ մենք համագործակցել ենք, բացառիկ միասնականություն են դրսևորել՝ հայտարարելով, որ պետության կողքին են և ռազմաճակատում: Դաշնակցությունն առաջինն իր կամավորական ջոկատներն ուղարկեց սահման և նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո շարունակում էր հայրենիքի սահմանները պաշտպանել: Ռազմաճակատում հենց ՀՅԴ ջոկատի շնորհիվ արձանագրվեց հաղթանակ, կարողացանք պահել դիրքերը, որ թշնամին առաջխաղացում չունենա: 50-ից ավելի զոհը փաստում է, որ ՀՅԴ-ն մարտի դաշտում հերոսաբար է գործել և բացառիկ միասնականություն է ցուցաբերել: Սփյուռքի մեր բոլոր կառույցներն այդ օրերին համախմբված լծվել են հայրենիքի պաշտպանությանը՝ սկսած դրամական օժանդակությունից, ավարտած դիվանագիտական և հանրային աշխատանքներով: Ռուբեն Ռուբինյանը ոչ միայն կեղծում է իրականությունը՝ փորձելով ստեղծել անհասկանալի վիճակ, այլև մեծ հանցագործություն է թույլ տալիս պատմության առջև:
-Ադրբեջանը 5 սկզբունքներ է ներկայացրել հայկական կողմին՝ որպես խաղաղության պայմանագրին հասնելու պայման: Իշխանության արձագանքը այն է, որ կարծես մտահոգիչ դրույթներ դրանցում չկան: Դուք այդտեղ մտահոգվելու հիմքեր տեսնո՞ւմ եք:
-Այդ 5 կետերի շուրջ լուրջ քննարկումներ պետք է լինեն, որովհետև շատ մտահոգիչ բաներ են տեղի ունենում: Դրանց նախորդել են Նիկոլ Փաշինյանի, Ռուբեն Ռուբինյանի ու էլի շատերի հայտարարությունները։ Նրանք, կարծես, դարձել էին թշնամու շահերի պաշտպանները, փորձում էին հիմնավորել անհասկանալի բաներ տարածքային ամբողջականության հաստատման մասով: Դա օգտագործվում էր ոչ թե այն տրամաբանությամբ, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի, այլ ուղիղ հակառակը: Եթե ներկայացնեին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի ինքնորոշման հետ, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց դրան պետք է հաջորդեր փաստարկում, որ, այո, Արցախը չի կարող Ադրբեջանի ենթակայությամբ լինել: Այս մարդիկ իրենց գործողություններով պատրաստ են նույնիսկ սպասարկելու 5 կետերը՝ հայ ժողովրդի համար ամենաայլանդակ հետևանքներով:
-Բայց ձեր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հայտարարում է, որ ավելի լավ է միութենական պետության կազմում լինել, քան Թուրքիայի կազմում Այսպիսի դիսկուրսները մտահոգիչ չե՞ն:
-Խեղաթյուրվում է ամեն ինչ։ Մեր որևէ պատգամավոր չի ասել, որ որևէ միութենական պետություն, որտեղ Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը, լավ բան է: Երկրորդ, առանձին մեր գործընկերներ ներկայացնում են քաղաքական վերլուծություններ և կարող են տարբեր հայեցակարգային առաջարկներ անել, ասենք, ԵՄ-ի օրինակով: Եվրամիությունում որևէ երկիր կորցրե՞լ է իր անկախությունը։ Ես, սակայն, համաձայն եմ, որ այսօր այդ դիսկուրսը չպետք է ծավալվի, որովհետև դա վնասում է մեր միասնականությանը, նպատակներին: Ի վերջո, ԱԺ պատգամավորը երդում է տալիս, որի կարևոր, առանցքային բաղադրիչն է՝ պահպանել Հայաստանի Սահմանադրությունն ու ինքնիշխանությունը, նպաստել ինքնիշխանության ամրապնդմանը: Ինքնիշխանությունը ՀՀ անկախության հռչակագրով է արձանագրված:
-Ուզում եք ասել՝ Արամ Վարդևանյանի խոսքը խեղաթյուրվե՞լ է:
-Միանշանակ՝ այո՛։ Պարոն Վարդևանյանն էլ շատ հստակ ներկայացրել է, որ եթե օրինակներ են բերվում Եվրամիության ձևով, որևէ մեկը չի կարող ասել, որ ԵՄ երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան կորցրել են իրենց անկախությունը:
-Բայց մենք գիտենք, թե ինչպիսի երկիր է Ռուսաստանը և ինչ նպատակներ է հետապնդում միութենական պետություն ստեղծելու հեռանկարով:
-Ինչ վերաբերում է Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալուն, իմ կարծիքով, սա կեղծ օրակարգ է: Չկա այդպիսի օրակարգ, և չի կարող առնվազն այսօր այդպիսի օրակարգը քննարկման առարկա դառնալ: Ես կոչ եմ անում չմտնել արհեստական դիսկուրսի մեջ, որը թուլացնում է բոլորիս:
-Իսկ ընդհանրապես, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ինչպե՞ս եք գնահատում: Ի՞նչ արդյունքով կարող է Հայաստանը դուրս գալ այդ բանակցություններից:
-Բոլորն են ձգտում խաղաղության, բայց խաղաղության հասնելու տարբեր պատկերացումներ կան: Իշխող քաղաքական ուժը այդ խաղաղությունը պատկերացնում է ստորադասված արժանապատվությամբ, ստրուկի կարգավիճակով: Պատմությունից հայտնի է, որ ստրուկի և ստրկատիրոջ միջև չի կարող խաղաղություն լինել: Դու առնվազն պետք է կարողանաս բալանսավորել քո ուժը, քո հակազդման հնարավորությունը, որպեսզի դիմացի կողմը հասկանա՝ այլընտրանք չունի, պետք է խաղաղություն կնքի: Մինչդեռ իշխանությունը, որևէ դիմադրություն ցույց չտալով, անընդհատ խոսում է խաղաղությունից: Մեր պատկերացրածը արժանապատիվ խաղաղությունն է, երբ կարող ես դիմադրել, հակազդել, քո շահերը պաշտպանել։ Որպեսզի դրան հասնենք, մի քանի առանցքային բան է պետք: Նախ՝ ազգային միասնականություն, որ հասկանանք՝ անհրաժեշտ է թշնամուն դիմադրել: Երկրորդը, ներքին ու արտաքին անվտանգության ապահովման բոլոր բաղադրատարրերի ամբողջական գործարկում: Դա թե՛ բանակն է, թե՛ անվտանգության քո ուժերն են՝ բոլոր մակարդակներում։ Դա նշանակում է հիմնական ռազմավարական գործընկերների հետ պաշտպանական բոլոր գործողությունները ճիշտ ժամանակին և նպատակային օգտագործել, և ոչ թե մի դեպքում գործընկերոջը վիրավորես, անտեսես, հետո փորձես պուպուշ երևալ: Չեն կարող Նիկոլ Փաշինյանն ու իշխող քաղաքական ուժը Հայաստանի ներսում ատամ ցույց տան, ճնշեն քաղաքական ընդդիմախոսներին, քաղբանտարկյալներ ունենան ու ազգային միասնականության մասին խոսեն:
-Բայց տարբեր զեկույցներ փաստում են, որ Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում ունենք առաջընթաց:
-Մենք տեսնում ենք, թե ինչ խայտառակ վիճակ է Հայաստանում՝ սկսած ՏԻՄ–ից մինչև պատգամավորներ՝ դատական ակտերով, ապօրինի մեկուսացված են: Երբ կարդում ես միջազգային կառույցների գնահատականներ, թե Հայաստանում ժողովրդավարության առումով փայլուն վիճակ է, սա խոսում է այն մասին, որ կա առանձին մի հանցավոր մտադրություն՝ ընդդեմ Հայաստանի: Բթացնելով հանրային զգոնությունը, անտեսելով հակաժողովրդական գործիքակազմը՝ Հայաստանին ու այս զիջողական իշխանությանը մղում են պարտվողական, նոր զիջումների: Սա ազդակ պետք է լինի բոլորին: Եվրախորհրդի վերջին զեկույցներից մեկը, որը վերաբերում էր իբր Հայաստանում ժողովրդավարության վիճակին, պարունակում էր մի շարք խայտառակ գնահատականներ։ Երբ ասում ես՝ սա խայտառակություն է, իշխանությունը հակադարձում է՝ փաստորեն դուք դեմ եք Հայաստանին: Ոչ, մենք դեմ ենք քեզ, իշխանություն, քո ստերին, Հայաստանն ու հայ ժողովրիդին նման պարտության տանելու գործողությանը: Ժողովրդավարությունն ամեն մեկն ինքը պետք է զգա իր վրա: Ո՞նց կարող է ժողովրդավարական գնահատվել մի իշխանության գործողություն, որը քրեական գործեր է հարուցում ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների նկատմամբ՝ «ծանր վիրավորանքի» հոդվածով:
-Իրենք ասում են՝ դուք էլ կարող եք դիմել իրավապահներին:
-Ով ծանոթ է այդ հոդվածին, գիտի, որ եթե խոսքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին է, ինչպիսիք ընդդիմադիր պատգամավորներն են, նրանց նկատմամբ այս դեպքում առանց դիմում է վարույթ հարուցվում: Դուք վստահ եք, չէ՞, որ բոլոր գործերով չէ, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է: Դա քրեական վարույթ իրականացնող մարմնի պարտականությունն է: Ես ինքս հաղորդում էի ներկայացրել Անդրանիկ Քոչարյանի և Վահագն Ալեքսանյանի գործողությունների, վիրավորական արտահայտությունների հետ կապված և պահանջել էի հարուցել քրեական գործ սուտ մատնության հիմքով: Եթե իրենք մեզ մեղադրում էին առերևույթ պետական դավաճանության մեջ, հարուցեք և քննեք այդ գործը: Մերժման հիմքում գիտե՞ք ինչ է գրված․ որ այդ անձինք եկել են և ասել, որ դա ընդամենը քաղաքական խոսույթ է: Այդ ո՞նց եղավ, որ երբ դու Նիկոլ Փաշինյանին անվանում ես դավաճան, դա վիրավորանք է, երբ իրենք են ընդդիմությանը հայտարարում նման բան, դա քաղաքական խոսույթ է: Ակնհայտ է, որ այստեղ կա երկակի ստանդարտ: Հիմա աչք փակել ու ասել՝ ամեն ինչ լա՞վ է: Իհարկե, ոչ:
-Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ռուբլին արժեզրկվում է, գներն աճում են, հացահատիկի ինքնաբավությունը, ներմուծման ծավալները ընկնում են: ԿԲ-ն հայտարարել է, որ տրանսֆերտները կկրճատվեն մոտ 20 տոկոսով: Ձեր կարծիքով, այս ամենն ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի և շարքային հայ քաղաքացու վրա:
-Մենք այստեղ պետք է խոսենք ճգնաժամային իրավիճակում պարենային անվտանգության նվազագույն ստանդարտները պահելու մասին: Ցավոք, երբ իշխանությանը նման հարցադրումներ ես անում, ընդամենը ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե մենք պարենային խնդիր չունենք: Կամ երբ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը շատ պարզ այդ հարցը տվեց, բոլորս տեսանք Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ վիրավորանք, փողոցային բառապաշար։ Այս իշխանությունը ոչ միայն տանուլ է տվել անվտանգության, ռազմական բաղադրիչները, սրանք չեն տիրապետում նույնիսկ պարենային անվտանգության ապահովման, երկիրը սովի չմատնելու նվազագույն վարքագծին: Ինչի՞ վրա է այս մարդկանց հույսը: Երբ ասում ենք՝ լավ, մեր պարենային անվտանգության մասով ներկայացրեք այն գործողությունները, որոնք ձեռնարկել եք, չկա ոչ մի բան, մինչդեռ ռուս-ուկրաինական առճակատումը տնտեսական, սոցիալական, հսկայական ռիսկեր ու հարվածներ են հասցնելու ոչ միայն Հայաստանին, այլ տարածաշրջանին ու աշխարհին: Մեր գլխավոր խնդիրը պետք է լիներ նվազագույն պարենային անվտանգության կանոնների պահպանումը սկսած հացահատիկային մշակաբույսերից, ավարտված առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների պաշարների կուտակումով: Մինչդեռ այս իշխանությունն Արցախը, որն ապահովում էր Հայաստանի հացահատիկային մշակաբույսերի շուրջ 25 տոկոսը, այդ հողերը հանձնել է թշնամուն, համենայնդեպս, ստորագրել է այդպիսի փաստաթուղթ: Ավելին, նահանջներ ենք արձանագրել այն տարածքներից, որոնք մեր տնտեսական ներուժն էին: Ակնհայտ է, որ իշխանությունը չի տիրապետում նվազագույն գիտելիքի, և ցավալի է, որ ապագայի մասին հայտարարություններով, իրականում, դժոխք տանող մոտեցումների ամբողջություն է արձանագրում: