Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2020-2021 թթ. Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն (amicus briefs): Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Սա 2016թ. առաջին անգամ ներդրված ամբողջությամբ նոր պրակտիկա է:
Հատուկ դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ և չափանիշներ:
2020-2021 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված հատուկ դիրքորոշումների ժողովածուն վերաբերում է հաստիքների կրճատումների դեպքում աշխատողներին աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունք տալու համար անհրաժեշտ չափանիշների բացակայությանը, հակակոռուպցիոն դատարանի դատավորների վարձատրության չափին, հանրային բուհերի կառավարման խորհրդի կազմի ձևավորման համամասնությանը, Բարձրագույն դատական խորհրդին համապատասխան մասնագիտացման դատավորներ առանձնացնելու հայեցողական լիազորություն վերապահելուն, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների՝ օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները և իրենց դիտորդների (ԶԼՄ ներկայացուցիչների) սուբյեկտիվ իրավունքի խախտումները վարչական և դատական կարգով բողոքարկելու հնարավորության բացակայությանը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդին դիմելու՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հնարավորություն նախատեսելուն և այլ հարցերի:
Մարդու իրավունքների պաշտպանի 2020-2021 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված հատուկ դիրքորոշումների վերլուծության ու համակարգման աշխատանքներն իրականացրել է Պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնը:
Մարդու իրավունքների պաշտպանի՝ Սահմանադրական դատարան ներկայացված հատուկ դիրքորոշումների հրապարակումը տեղեկագրերի տեսքով շարունակական գործընթաց է:
Հիշեցնենք, որ նախորդ տարի հրապարակվել է «2018-2019 թվականներին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների սեղմագիրը»»,- գրել է Թաթոյանը: