Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ուղերձ է հղել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախությունը:
Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:
Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:
Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրամասում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»: