կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 21:32
Հասարակություն

Մայրն ու երեխաները, մանկապարտեզն ու այնտեղի աշխատակիցները թիրախավորված են․ Թագուհի Թովմասյան

Մայրն ու երեխաները, մանկապարտեզն ու այնտեղի աշխատակիցները թիրախավորված են․ Թագուհի Թովմասյան

Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ ցուցաբերված ոչ պատշաճ վերաբերմունքի ահազանգի հետքերով իմ հանձնարարությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցները հանդիպումներ են ունեցել ինչպես մանկապարտեզի տնօրինության և աշխատակիցների, այնպես էլ երեխաների և նրանց ծնողի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Պատմությունն իսկապես տխուր է. ոչ միայն այն պատճառով, որ արդեն գործ ունենք հաստատված փաստի հետ, այլ այն, որ ընդհանրապես նման թեմայով քննարկում է ծավալվում մեր երկրում: Մենք զրուցել ենք բոլոր կողմերի հետ և առաջին արձանագրում-մտահոգությունը, որ կարելի է անել, այն է՝ մայրն ու երեխաները, մանկապարտեզն ու այնտեղի աշխատակիցները թիրախավորված են: Խախտվում են անչափահաս երեխայի և նրա ընտանիքի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Երեխայի ծնողը նշել է, որ նրանք ստիպված ծպտյալ են տանից դուրս գալիս և վերադառնում, որ չնկատվեն: Երեխայի ծնողը մտահոգություն հայտնեց ոչ միայն իր կամ երեխայի, այլ նաև իրենց մերձավորների մասին անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ, ինչի արդյունքում կողմերը հեշտությամբ նույնականացվում են, իսկ դա բերում է նաև տվյալ անձանց թիրախավորմանը։

Մանկապարտեզի տնօրինությունն էլ դժգոհել է, որ մանկապարտեզը և աշխատակիցները ևս թիրախավորված են, մանկապարտեզի բնականոն գործունեությունը խաթարվել է, ինչի հետևանքով ոտնահարվում են մանկապարտեզ հաճախող մյուս երեխաների իրավունքները։

Բացի այդ՝ երկու կողմերի պնդմամբ, մեդիա տիրույթում, համացանցերում շրջանառվող ինֆորմացիան մեծամասամբ ճշգրիտ չէ, հնչում են փաստեր և տեսակետեր, որոնց մի մասը որևէ առնչություն չունեն իրականության հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ լրագրողներ, նման զգայուն դեպքերը մեծ նրբանկատություն են պահանջում, հորդորում եմ կարևորել երեխայի լավագույն շահը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը, չթիրախավորել կողմերին, ցանկացած հրապարակում կամ մեկնաբանություն անելիս հաշվի առնել, որ խոսքը վերաբերում է մանկահասակ երեխայի, և ձեր կողմից հրապարակված ցանկացած անզգույշ խոսք կարող է բերել անդառնալի հետևանքների։

Հատկապես սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ եմ անում զերծ մնալ կողմերի վերաբերյալ պատժողական կամ սպառնալիք պարունակող խոսք տարածելուց, մեղադրական կամ քննադատական մտքեր արտահայտելուց, ազգային պատկանելության ( Պակիստանի քաղաքացու) վերաբերյալ անհարկի շահարկումներ ծավալելուց:

Հարգելով կողմերի իրավունքները, կարևորելով քրեական գործի նախաքննության գաղտնիությունը՝ զերծ կմնամ դեպքի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելուց, սակայն իմ պարտքն եմ համարում անել հնարավորը, որպեսզի չխաթարվի մանկահասակ երեխայի հոգեկան առողջությունը, ինչպես նաև չխախտվեն վերջինիս մոր, նրա մանկահասակ քրոջ և գործով անցնող այլ անձանց իրավունքները, քանի դեռ քննությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Հետևողական եմ լինելու գործի ընթացքին և շարունակելու եմ կապ պահպանել երկու կողմերի հետ՝ իմ լիազորությունների շրջանակում փորձելով օգնել և կանխել նրանց իրավունքների ոտնահարման դեպքերը»,- գրել է նա: