կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 18:02
Քաղաքական

Մեր երկրում շրջում է թշնամու առաջ սպիտակ դրոշ թափահարողի և բռնապետիկ խաղացողի ուրվականը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյանն այսօր ԱԺ-ում հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր երկրում շրջում է թշնամու առաջ սպիտակ դրոշ թափահարողի, և համատեղության կարգով՝ երկրի ներսում բռնապետիկ խաղացողի ուրվականը:

Այս իշխանությունները հենց ի սկզբանե մեզ բաժանեցին սևերի ու սպիտակների, և այդ բաժանման մեջ իրենց ներկայացրեցին որպես սպիտակներ: Հանրությունը սխալմամբ այդ սպիտակն ընդունեց որպես մաքրության, ազնվության, արդարության, իմաստության խորհրդանիշ:

Իրականում այս մարդիկ խոսում էին սպիտակ դրոշի խորհրդի մասին, որը միջազգային հարաբերություններում ընդունված է համարել որպես խնդրանքի, կապիտուլյացիայի նշան, ասել է թե հակառակ կողմի ողորմածությանը հանձնվելու պատրաստակամության նշան։

Եվ ահա այդ սպիտակ դրոշը թափահարելով մեր երկրի բռնապետիկն ու իր թիմը Հայաստանն ու հայ ժողովուրդին կանգնեցրին խոր ճգնաժամի առաջ:

Սպիտակ դրոշ թափահարելով, երևի սպիտակ պատերով ներկված բունկերում, սպիտակ թղթի վրա  նոյեմբերի 9-ին ավելի շատ տարածք տրվեց թշնամուն, քան բուն 44-օրյա պատերազմի ընթացքում: Եվ այս ամենը արդարացնում են խաղաղություն հաստատելու իրենց իբր մեծ ցանկությամբ:

Սիրելի հայրենակիցներ, խաբում են ու էլի խաբում: Կրկնեմ Բաբկեն Թունյանի մեջբերումը. Դեպի դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով: Չեմ կարող չընդունել, հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ կանոնը ներկայացնում է այն թիմի ներկայացուցիչը, որն այդ կանոնի անսխալ, հմտորեն  կիրառողն է:

Սիրելի՛ հայրենակիցներ

Մի՛ հավատացեք այս թիմին ու մի խաբվեք:

Սուրբ գիրքն էլ է ասում. «Առանց հաղթանակի չկա խաղաղություն»:

«Օրվա  իշխանությունը ձախողվել է բոլոր ուղղություններով՝ Արցախի հարցում, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, բանակաշինության, տնտեսության։ Ձախողվել են նաև այն  ոլորտներում, որոնք, իբր, իրենց համար արժեք էին և համոզմունք։ Ժողովրդավարական բաստիոն հայտարարված մեր երկրում ամեն օր խախտվում են մարդու իրավունքները, քաղաքացու` ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքը, խեղաթյուրվում է արդար դատական համակարգը:

Արդար դատական համակարգի ջատագովները կալանավորում են ընդդիմադիրներին  ապօրինի չդատող դատավորներին։ Ազատ ընտրությունների ջատագովները կալանավորում են ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավարներին։ Ուժային կառույցները դարձել են երկրում մեկ մարդու իշխանություն, բռնապետություն հաստատելու բութ գործիք, իսկ միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները լուռ հետևում են այս ամենին։

Սիրելի՛ հայրենակիցներ

Այլևս խաբվելու և սխալվելու իրավունք չունենք: Ժամն է եկել համախմբվելու հայ ժողովրդին ու հայոց պետականությանը սպառնացող արտաքին ու ներքին անմիջական վտանգները չեզոքացնելու հիմնանպատակով Հայաստանում, Արցախում և սփյուռքում ձևավորված համազգային դիմադրության շարժման շուրջ:

Միացե՛ք համազգային դիմադրության շարժմանը:

Հավատացեք, հեռու չէ այն օրը, երբ մեր երկրում բացվելու է նոր արշալույս և որ ամենակարևորն է, առանց պետականաքանդ այս իշխանությունների:

Մենք  կերտելու ենք նոր արշալույս: Համոզված եղեք: