կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-31 16:58
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուսինե Բադալյանի նմանները չպետք է լինեն Եռաբլուրում․ զոհվածի քույրը՝ ՔՊ-ական պատգամավորի մասին

Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, Եռաբլուր այցելած ՔՊ-ական պատգամավորների վարքը զոհված զինծառայողների հարազատներին զայրույթ է պատճառել։ Այսօր Ազգային ժողովի դարպասների առջեւ այս առնչությամբ իր վրդովմունքն էր հայտնում  Արցախյան երկու պատերազմների մասնակից, 44-օրյա պատերազմի ժամանակ Թաղավարտում  զոհված Տիգրան Խանումյանի քույրը՝ Գոհար Խանումյանը։

«Տեսախցիկների առջև տիկին Բադալյանը անպարկեշտ վարքով, չհասկանալով, թե որտեղ է գտնվում, ծիծաղում էր։ Նա կանգնած ծիծաղում էր Եռաբլուրի այն մասում, որտեղ զոհվածների հարազատները պատգարակների վրա իրենց որդիներին վերջին հրաժեշտն են տալիս։ Նա կանգնել եւ շատ ջերմ պատմություն էր հիշել։ Միայն նա չէր, որ ծիծաղում էր։ Լուսինե Բադալյանից բացի, կային ծամոն ծամող պատգամավորներ։ Պարոնա՛յք, տիկնա՛յք հասկանալի է, որ դուք այնտեղ հարազատներ չունեք կորցրած,  եւ ինչի՞ համար եք եկել»,- խոսքն ուղղելով ՔՊ-ական պատգամավորներին՝ ասաց զոհվածի քույրը։

Գոհար Խանումյանը պահանջում է Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծել եւ քննել Լուսինե Բադալյանի վարքագիծը Եռաբլուրում, նաեւ պատժամիջոցներ սահմանել, որպեսզի այլեւս որեւէ պաշտոնյա կամ քաղաքացի չհանդգնի անարգել Եռաբլուրը։

«Սույն անձի վերաբերյալ ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է քննություն իրականացնի, հասկանանք՝ նրա պահվածքը  համապատասխանո՞ւմ էր, հարի՞ր էր այդ վայրին։ Ես պահանջում եմ, որ այսուհետ ցանկացած մեկը, որը կհամարձակվի Եռաբլուրում իրեն այդպես պահել, պատժվի օրենսդրական մակարդակով։ Թո՛ղ իրենք իրենց գործընկերների հետ որոշեն, թե ինչ պատժամիջոց են ձեռնարկելու։ Այս նախադեպը պետք է դաս լինի։ Նրա նմանները չպետք է գտնվեն Եռաբլուրում»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ պատերազմից ու կապիտուլյացիոն ակտից հետո ՔՊ-ին միացած պատմաբան Հակոբ Ասլանյանը, որը ներկայանում է որպես Արցախյան հերոսամարտի մասնակից եւ հողեր ազատագրած ազատամարտիկ, Հայոց բանակի օրը ծամոն ծամելով էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «հարգանքի տուրք» մատուցում զոհերի հիշատակին՝ արհամարհելով որդեկորույս ծնողներին եւ զոհված տղաների հարազատներին։

Իրենց վարքով եւ լայն ժպիտով այդ օրը աչքի ընկան նաեւ ՔՊպ-ական պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Արթուր Հովհաննիսյանը, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը եւ այլք։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան