Ռուսաստանի Դաշնությունը հարցում է ուղարկել ՆԱՏՕ-ին և ԵԱՀԿ-ին՝ պահանջելով պարզաբանել, թե արդյոք նրանք մտադիր են կատարել անվտանգության հիմնական պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» հաղորդաշարի հարցերին, գրում է ng.ru-ն։
«Այսօր արտաքին գործերի նախարարության միջոցով մենք պաշտոնական հարցում ենք ուղարկում դաշինքի և ԵԱՀԿ-ի մեր գործընկերներին՝ հրատապ պարզաբանման պահանջով, թե ինչպես են նրանք մտադիր կատարել իրենց անվտանգությունն ուրիշների անվտանգության հաշվին չբարձրացնելու պարտավորությունը: Եթե մտադիր չեն, ապա թող բացատրեն՝ ինչու: Սա առանցքային խնդիր է լինելու մեր հետագա առաջարկները որոշելու համար, որը մենք կզեկուցենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,-ասել է Լավրովը։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։