կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-17 15:48
Քաղաքական

Հարցերին բուն պատասխաններ հնչեցնելու փոխարեն այստեղ գալիս, հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա․ Աննա Գրիգորյան

Անկեղծորեն չէի ցանկանա անդրադառնալ այն մարդկանց մտքերին, որոնց մտահորիզոնը սկսվում և ավարտվում է դեղին ժիգուլիով, ինչպես նաև իրենց բարեհամբույր ինքնահռչակած անձանց հոխորտանքներով։ Վերջինիս պինդ և ամուր նյարդեր եմ մաղթում, որովհետև, ցավոք, մեր երկրի համար այսքան դժվար փուլում նա է ՀՀ ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասով․ ԱԺ ամբիոնից դիմելով ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Բայց հայ-թուրքական հարաբերությունների մասով կան կետեր, որոնց պարտավոր են այս իշխանությունները պատասխանել և սուբստանտիվ առումով ներկայացնել պարզաբանումներ, թե, առհասարակ, ՀՀ կառավարությունը բանակցությունների գնալիս ի՞նչ պատկերացումներ ունի, ի՞նչ տեսլական ունի, արդյո՞ք հաշվարկել է ռիսկերը և հնարավոր կառավարման ի՞նչ մեխանիզմներ է մտածել։ Պետք է պատասխանեք մի քանի հարցերի, երբ ասում եք՝ առանց նախապայմանների ենք բանակցում․ բանակցություններից մեկ կամ երկու օր առաջ թուրքական կողմն ասում է, որ շատ կարևոր է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, արդյո՞ք այս հանդիպման ընթացքում Թուրքիայի ներկայացուցչի հետ խոսել եք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Արդյո՞ք քննարկվել է Ցեղասպանության հարցը, և արդյո՞ք սա որպես  հիմք է դրվել հետագա բանակցությունների՝ ավելի կառուցողական լինելու համար, քննարկվե՞լ են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման և Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցերը։ Սրանք հարցեր են, որոնք դուք պարտավոր եք պատասխանել, և բուն պատասխաններ հնչեցնելու փոխարեն այստեղ գալիս հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։