կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-16 10:14
Հասարակություն

Երկրաշարժն ու ՀՀ ԱԻՆ֊ի «ադրբեջաներեն» լուրը ցնցել են նույն ուժգնությամբ

Երկրաշարժն ու ՀՀ ԱԻՆ֊ի «ադրբեջաներեն» լուրը  ցնցել են նույն ուժգնությամբ

Հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.52⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի` Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ», ֊ նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Փաստենք, որ «Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի» ձևակերպումով ԱԻՆ֊ը նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզ֊Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան սահմանային հատվածը։

Ստացվում է, որ ԱԻՆ֊ում ևս հետևում են Փաշինյանի և վերջինիս թիմակից որոշ պատգամավորների ու համախոհների դավաճանական վարքագծին և Արցախի բռնազավթված տարածքները համարում են Ադրբեջանի մաս։

Հետաքրքիր է նաև, թե ինչպե՞ս է ԱԻՆ֊ը գործածում «Ադրբեջան֊Հայաստան սահմանային գոտի» եզրույթը, երբ սահմանազատում և սահմանագծում գոյություն չունի։

Դե, հավանաբար, ԱԻՆ֊ում էլ են առաջնորդվում Հայաստանի «փոքրիկ դիկտատորի» դավադիր քմահաճույքներով և վերջինիս՝ Ալիևի հետ միանձնյա կերպով կատարած սահմանազատումներն ու սահմանագծումներն ընդունում որպես սրբազան ճշմարտություն։