կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 13:58
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսում խուժանապետության հաստատման փորձ է՝ մանդատագողություն․ Իշխան Սաղաթելյան

Այն, ինչ կատարվում է Վարդենիս խոշորացված համայնքում որևէ առնչություն չունի իրավական և սոցիալական պետության հետ, սա խուժանապետության հաստատման փորձ է մեր երկրում, սա մանդատագողություն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը տապալելու կամ առանց ընդդիմադիր մի քանի թեկնածուի անցկացնելու՝ ՔՊ-ականների սադրանքին։

Այս պահին Վարդենիս խոշորացված համայնքում առևանգում են ավագանու անդամներին, ասաց Իշխան Սաղաթելյանը, չնայած բազմաթիվ ճնշումներին, ապօրինություններին, ՔՊ-ականները տեսնելով, որ չեն կարողանում որևէ կերպ ընտրել իրենց քաղաքապետին, ավագանու անդրանիկ նիստի ընթացքում տեղի է ունենում մարդկանց առևանգում և մանդատագողություն։

«Սա անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից երկրում ավազակապետություն կամ խուժանապետություն հաստատելու հստակ փորձ է, բոլոր հրահանգները տրվում են վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի կողմից, որը մենք պետք է թույլ չտանք, սա անընդունելի է, սա պետականության վերջնական կործանում է։ Այսինքն, այն քաղաքական իշխանությունը, որը մեր երկրին բերեց աղետ, դժբախտություն, որ երկիրը պատրաստվում է տանել նոր կապիտուլյացիայի և զիջումների, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երկրի ներսում ունենա բացարձակ բռնապետություն»,-ասաց նա։

Սաղաթելյանը պատահական չհամարեց, որ այս պահին կալանավորված է Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Բերդի համայնքապետ Արամ Մանուչարյանը, հիմա փորձ է արվում Վարդենիսում նման ձերբակալումների միջոցով մեկուսացնել ոչ իշխանական թեկնածուներին։

«Այս ամեն ինչը արվում է, որ առաջիկա զիջումների ժամանակ այդ տարածքներում ունենան բացարձակ իրենց ենթակայության տակ գտնվող անսրբություն, անհայրենիք, ստրուկ մարդիկ, ովքեր անվերապահ կկատարեն իշխանությունների հրահանգները»,-ասաց նա։

Այս ամենը, նրա դիտարկմամբ, ուղեկցվում է Ոստիկանության ապօրինություններով, որը Նիկոլ Փաշինյանի ձեռքին բութ գործիք է դարձել երկրում բռնություններ իրականացնելու համար։

Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներին, ովքեր այս օրերին տեր են կանգնել իրենց քվեին, ընտրելու և ընտրվելու շատ կարևոր և սրբազան իրավունքին։

«Մենք ձեր կողքին ենք, այս հարցը բարձրացնելու ենք նաև միջազգային հարթակներում, պետք է վերջ դրվի այս ապօրինություններին, մեկ անձի կողմից բռնապետություն հաստատելու փորձերին, որովհետև սա պետական ինստիտուտները վերջնականապես քանդելու և ոչնչացնելու ճանապարհ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա համոզմամբ օրվա իշխանությունը սրանով ուզում է ասել, որ անկախ ընտրությունների արդյունքից իրենք իշխանություն չեն հանձնելու, և այս ամեն ինչի միակ ճանապարհը երկրում մեկ մարդու դիկտատուրա հաստատելու փորձերն են, որի դիմացը պետք է առնել։

Այս ամենի առաջն առնելու համար, Սաղաթելյանի խոսքով, պետք է դիմադրություն, որի ընթացքում իրենք լինելու են քաղաքացու կողքին և տեր են կանգնելու մարդկանց կամարտահայտությանը և որևէ կերպ թույլ չեն տալու ապօրինությունները․ ավազակապեություն չի լինելու։

Նշենք, որ այսօր Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստի օրն է, որտեղ պետք է ընտրվի համայնքապետ։ Ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միասին ունեն 14 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13 մանդատ, հետևաբար ընդդիմադիրների ձայները բավարար են, որ համայնքապետը լինի ընդդիմությունից։  Իշխող թիմը, սակայն, փորձում է տապալել նիստը, որ համայնքապետ չընտրվի ձայների այդ համամասնությամբ։ ՔՊ ցուցակը գլխավորող թեկնածու, Վարդենիսի գործող համայնքապետի ԺՊ Արամ Մելքոնյանը առավոտյան վեճ հրահրեց ընդդմադիր երկու թեկնածուների հետ, որի պատճառով նիստը չկայացավ։ Իրավապահները փորձեցին բերման ենթարկել ընդդիմադիր երկու թեկնածուներին, բայց վարդենիսցիները թույլ չտվեցին նրանց հանել համայնքապետարանի շենքից և հիմա նրանք ներսում մեկուսացված են։ Ընդդիմադիրները վստահ են, որ ՔՊ-ն փորձում է դրդել, որ ձերբակալվեն ընդդիմության առնվազն երկու թեկնածուները, որպեսզի համայնքապետի ընտրությունն իշխանական ուժի օգտին լինի։ Նրանք, սակայն, վճռական են, որ, եթե ընդդիմադիր թեկնածուներին բերման ենթարկեն, ապա իրենք ամբողջ կազմով չեն մասնակցի նիստին և ընտրությունը կձախողվի։ Թեև նաև մտավախություն ունեն, որ նիստը կարող են անցկացնել առանց իրենց՝ հաշվի առնելով, որ առավոտյան գրանցամատյանում արդեն գրանցվել են։

Մանրամասն՝ տեսանյութում․