Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք պարտավոր ենք վերստին դառնալ կենսունակ ազգ: Ճանապարհը, որ ես առաջարկում եմ այդ նպատակին հասնելու համար, անցել են հզոր պետություն կերտած մի շարք ժողովուրդներ: Աննահանջ պայքար և տքնաջան աշխատանք. ահա այն բանաձևը, որն իր կենսունակությունն ապացուցել է պատմության ընթացքում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ 17-րդ համագումարում ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Աղետալի պատերազմից ընդամենը ամիսներ հետո, Հայրենիքի համար այդ ծանր օրերին կապիտուլյանտ իշխանությունների կողմից մեզ պարտադրվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մի առիթով ես արդեն ասել եմ, որ այդ ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին: Սեփական աթոռը Հայրենիքից առավել սիրող կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու` արտահերթ ընտրությունների ճանապարհը: Քաղաքական դաշտում գործընթացների զարգացումը տարավ նրան, որ մենք ստիպված էինք մասնակցել այդ ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ ձևավորելով «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը: Ընտրությունների արդյունքները որքան էլ մեզ համար կանխատեսելի էին, քանի որ իրավիճակը մենք լավ էինք պատկերացնում, այնուամենայնիվ, ցավալի էր տեսնել, որ ժողովրդի մի զգալի հատվածին կրկին մոլորեցրին ստի, վախի, բռնաճնշումների և տարբեր մանիպուլյացիաների միջոցով, այնինչ կապիտուլյանտ իշխանություններն առհասարակ պետք է դուրս շպրտվեին քաղաքական դաշտից և իրենց բերած աղետի ու ավերի համար կրեին խստագույն պատասխանատվություն:
Ի հեճուկս հանրապետականներին քաղաքական լուսանցքում տեսնել տենչացողների՝ մեր կուսակցությունը 2 տարի անց կրկին վերադարձավ խորհրդարան: Եվ սա՝ մեր դեմ իշխանական լծակների լայնորեն կիրառման, մեր գրասենյակներ անհիմն ներխուժման, բռնության հրահրման, սպառնալիքների ու ատելության մթնոլորտի պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքում:
Այս իրավիճակում, չնայած խմբակցության փոքրաթիվ լինելուն, գործընկերների հետ շարունակում ենք պայքարը կապիտուլյանտ իշխանություններին օր առաջ հեռացնելու ուղղությամբ` ի լրումն խորհրդարանից դուրս տարվող մեր աշխատանքի: Ապազգային մեծամասնությամբ այս խորհրդարանում մեր պատգամավորների աշխատանքի արդյունավետության մասին տեսակետները տարբեր են: Մենք ականջալուր ենք մեր ընտրողների տեսակետներին, հաճախ տեղին քննադատություններին, խմբակցության պատգամավորների առջև դրվող պահանջներին և մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք` այդ մանդատներից մեր պատգամավորները կառչած չեն, անհրաժեշտ պահին պատրաստ են վայր դնելու և իրենց գործընկերների հետ պայքարը շարունակելու խորհրդարանից դուրս:
«Ի՞նչ է լինելու այս ամենից հետո, հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել, ի՞նչ է պետք է անել դրա համար»՝ այս օրերին ամենաշատը տրվող հարցերն են:
Առաջին` չհամակերպվել այս իրավիճակի հետ և չշարունակել այն մտայնությամբ ապրել, որ այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Թոթափել պարտվածի հոգեբանությունը, նախևառաջ` արիանալ հոգով, վերագտնել հավատը մեր ուժերի և մեր հայրենիքի ապագայի նկատմամբ:
Երկրորդ` ամեն օր լրացնել սեփական գիտելիքների պաշարը՝ շարունակական կրթությունը դարձնելով կենսագործունեության մաս: Ձգտումը՝ դառնալու ավելի լավը, խելացին և ուժեղը, կարևոր նախապայման է հայրենիքին պիտանի լինելու և արժանվույնս ծառայելու համար:
Երրորդ` իրականությանը նայել բաց աչքերով, նայել ուղիղ և կատարվածը վերլուծել հստակ փաստերով, ոչ թե` մանիպուլյացիոն հայտարարությունների ազդեցության ներքո: Վերլուծությունից ճիշտ հետևություններ անել, որը շատ կարևոր է նույն սխալը, ցավոք, ճակատագրական սխալը, չկրկնելու համար: Չապրել պատրանքներով, թե մեր փոխարեն ինչ-որ մեկը մեր խնդիրը լուծելու է:
Չորրորդ՝ չդադարել ամեն օր բոլոր հնարավորություններով, կրկնում եմ` բոլոր հնարավորություններով, գործել ազգադավ ուժերի դեմ: Միաժամանակ աշխատել երիտասարդության հետ, կրթել ազգային ոգով` քաջ գիտակցելով, որ մեր պայքարի համար պիտանի չեն նույնիսկ աշխարհի լավագույն բուհերում կրթված այն երիտասարդները, որոնք Հայրենիք չունեն իրենց հոգում և մտքի մեջ, չունեն ազգային արժանապատվություն:
Մենք պարտավոր ենք վերստին դառնալ կենսունակ ազգ: Ճանապարհը, որ ես առաջարկում եմ այդ նպատակին հասնելու համար, անցել են հզոր պետություն կերտած մի շարք ժողովուրդներ: Աննահանջ պայքար և տքնաջան աշխատանք. ահա այն բանաձևը, որն իր կենսունակությունն ապացուցել է պատմության ընթացքում:
Նշածս նպատակին հասնելու համար ոչ մի դեպքում ճանապարհ չի կարելի ընկնել ծուլության, մեծամտության, հուսահատության, սնափառության հետ: Սրանք կործանարար են:
Անհրաժեշտ է, որ բոլորս մեր հետագա գործողություններում հստակ ամրագրենք՝
- զրո հուսահատություն, քանզի ստեղծված իրավիճակում հուսահատությունը մեղք է ոչ միայն Աստծու, այլև Հայրենիքի հանդեպ,
- զրո հանդուրժողականություն դավադիր խունտայի նկատմամբ, քանզի Հայաստանն ու Արցախը այս վիճակին հասցրածների և հայկական բանակը կազմալուծածների հետ մենք ոչ մի ճանապարհ չունենք անցնելու,
- զրո ամբիցիա, քանզի հանուն Հայրենիքի բոլորս պարտավոր ենք մի կողմ դնել անձնական հավակնությունները, համակրանքներն ու հակակրանքները։
Հա՛յ ժողովուրդ, այս անպատվությունը տանելը քեզ համար հեշտ չէ: Մենք, առհասարակ, անպատվություն չհանդուրժող ժողովուրդ ենք: Եվ այսօր ես և իմ զինակիցները, Հայաստանի հանրապետական կուսակցությունը այստեղ ենք՝ ասելու, որ քո կողքին ենք, քո զավակն ենք, քո զինվորն ենք, քո դիվանագետն ենք, քո արժանապատվության վերականգնման համար ամեն ինչի պատրաստ ենք:
Աստված պահապան մեր ազգին, մեզ զորավիգ՝ հայրենանվեր մեր ձեռնարկումներն իրագործելու ճանապարհին»,- ասել է նա: