Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկայում կառավարությունը տնտեսության ոլորտում բազմաթիվ ծրագրեր է նախատեսում իրականացնել, և շատ կարևոր է, որ դրանք նախապես լայն քննարկում անցնեն գործարար համայնքի ներկայացուցիչների շրջանում, նրանց հետ, ովքեր ուղղակի առնչություն են ունենալու: Այս մասին նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Նախարարը բարձր գնահատեց ՀԱԳՄ անդամների նախանձախնդրությունը նման հանդիպումների օրակարգն արդիական հարցերով ու առաջարկներով հագեցնելու ուղղությամբ` նշելով, որ հետագա հանդիպումներում նախարարությունն իր կողմից ևս քննարկման հարցեր կառաջարկի։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ նախաձեռնություններն իրականացներիս ժամանակին համադրվեն տարբեր կողմերի մոտեցումներն ու կարծիքները։
Հանդիպմանը նախ հանգամանալի անդրադարձ եղավ այն խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներին, որոնք ՀԱԳՄ կողմից բարձրացվել էին նախկինում։ Մասնավորապես, երաշխիքային ժամկետ ունեցող խոտան ապրանքների փոխարինման (փոխհատուցման) հարկային հետևանքներին վերաբերող կարգավորումների առնչությամբ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ մշակվել և շրջանառության մեջ է դրված համապատասխան նախագիծ, որի ավարտուն տարբերակը ևս քննության կառնվի գործարարների մասնակցությամբ։
Աշխատանքային խմբերը լուծումներ են մշակում նաև Ֆլորենցիայի կոնվենցիայի կիրառության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, շարունակվում են քննարկումները Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի վերաբերյալ։ Վերջինիս առնչությամբ ՀԱԳՄ ներկայացուցիչները, ի հավելումն նախորդների, գրավոր ներկայացրին մտահոգիչ նոր հարցադրումներ։ Անդրադարձ եղավ պետական գնումների գործընթացում կազմակերպվող մրցույթների կատարելագործմանն ուղղված քայլերին։
Գործարարների կողմից բարձրացված հարցերի թվում էր անհատ ձեռներեցների ու միկրոձեռնարկությունների գործունեությունը, շրջանառության հարկի կիրառումն ապահովող կարգավորումների բարելավումը։
Քննության առնվեց գրքի հրատարակման համար հայաստանյան կամ արտասահմանյան արտադրողից թղթի ձեռքբերմանն առնչվող հարցը։ Վերջինիս պարագայում սահմանված է ԱԱՀ, այն դեպքում, երբ գրքի ներմուծումը հարկվում է առանց ավելացված արժեքի հարկի։ Արդյունքում՝ Հայաստանում գործունեություն ծավալող տպագրական ընկերությունները հայտնվում են մրցակցային անհավասար պայմաններում․ հրատարակչին շահավետ է տպագրությունը պատվիրել արտասահմանյան ձեռնարկությանը և ներկրել պատրաստի գիրքը։
Այս և բարձրացված մյուս հարցերի առնչությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկումներ ծավալել նաև աշխատանքային խմբերի մակարդակով, գտնել ընդունելի լուծումներ։