կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 14:38
Քաղաքական

Նման դեպք տեղի չի ունեցել. վարդենիսցիները վիրավոր զինվորին տեղափոխողին ինչպե՞ս կարող են խոչընդոտել. Դ. Շահնազարյան

Նման դեպք տեղի չի ունեցել. վարդենիսցիները վիրավոր զինվորին տեղափոխողին ինչպե՞ս կարող են խոչընդոտել. Դ. Շահնազարյան

Վարդենիսում բնակիչների ակցիան դադարեցվել է հենց այն պատճառով, որ սահմանային իրավիճակը լարված է եղել, միջադեպ կար եւ ունեինք վիրավորներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե Վարդենիսում հրամանատարի տեղակալին հայտարարել են, որ խոչընդոտելու են վիրավորին Երեւան հասցնող մեքենայի ընթացքը։

«Նման դեպք տեղի չի ունեցել։ Երբեւիցե մեր կողմից նման վերաբերմունք մեր զինվորների, մեր բանակի նկատմամբ չի եղել։ Չնայած նրան, որ անժամկետ ակցիա էր հայտարարվել, որոշում կայացվեց՝ բացել ճանապարհը, որպեսզի որեւէ կերպ չխոչընդոտենք գործընթացի, որեւէ խնդրի կատարման։ Ակցիային մասնակցող բազմաթիվ մարդիկ 44-օրյա պատերազմին են մասնակցել եւ իրենց մաշկի վրա զգացել են պատերազմի ողջ դժվարությունը, այդ մարդիկ ինչպե՞ս կարող են վիրավոր զինծառայող տեղափոխողին խոչընդոտել։ Անգամ շտապ օգնության մեքենա է եկել, ասել են՝ ավտովթար է տեղի ունեցել, եւ բնակիչներն արագ բացել են ճանապարհը, որ անցնի։ Իրենց անվտանգությունը վերահսկողին ինչպե՞ս կարող են խոչընդոտել»,- ասաց դաշինքի անդամը։

Ըստ Շահնազարյանի՝ վարդենիսցիների որեւէ գործողություն չի կարող դիտարկվել որպես բանակի գործառույթների խոչընդոտում. «Մեր տարածաշրջանն այն տարածաշրջանն է, որտեղ բազմաթիվ զինվորականներ կան»։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Սադրանքի հետեւանքով հայկական կողմից թեթեւ հրազենային վիրավորում էր ստացել երկու զինծառայող։

Նշենք, որ Վարդենիսի բնակիչներն ի աջակցություն «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի՝ փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը եւ իրենց պահանջներն էին ներկայացնում։ Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։ Այսօր էլ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը պետք է հրապարակվի։