կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-30 12:45
Հասարակություն

Երեկվա ուժեղ քամու հետեւանքով վարդենիսցիները զրկվել են գազից եւ էլեկտրաէներգիայից

Երեկվա ուժեղ քամու հետեւանքով վարդենիսցիները զրկվել են գազից եւ էլեկտրաէներգիայից

Երեկ ուժեղ քամու հետևանքով զգալի վնասներ են կրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները: Yerkir.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ հողմային փոթորիկը մեծ վնասներ է հասցրել տասնյակ քաղաքացիների բնակարաններին, քամին քշել-տարել է սեփական հատվածի տների տանիքները, 5 բարձրավոլտ էլեկտրական սյուն տապալել գետնին: Էլեկտրական սյուների տապալման հետևանքով բնակիչները երեկվանից չեն ունեցել գազ և էլեկտրաէներգիա:


Մարզպետի խոսքով` ամբողջ գիշեր աշխատանքներ են տարվել, էլեկտրական սյուները վերականգնվել են, և մինչև երեկո, հավանաբար, կվերականգնվի բոլոր բնակիչների գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:


«Ինչ վերաբերում է բնակչությանը հասցված վնասին, այս պահի դրությամբ աշխատանքներ է տանում իմ կողմից ստեղծված հանձնաժողովը` մարզպետարանի, արտակարգ իրավիճակների փորձագետներից կազմված, երկու խումբ աշխատում է: Այսօրվա ընթացքում կուսումնասիրեն վնասի չափը, որը ես կներկայացնեմ կառավարությանը: Հաստատ, մենք աջակցություն կցուցաբերենք տուժած քաղաքացիներին»,- ասաց մարզպետը:


Անդրադառնալով քամուց ֆիզիկապես տուժած քաղաքացիներին` մարզպետը նշեց, որ թեթև վնասվածնքերի մասին է խոսքը, նրանց առաջին բուժօգնությունն արդեն ցուցաբերվել է: «Փառք Աստծո, որ մարդկային զոհեր չունեցանք»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը: