Կիրակի օրը՝ նոյեմբերի 21-ին, վթարի է ենթարկվել պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը․ գրում է
Hraparak.am-ը։
«Նա Toyota Corolla-ով շուռ է եկել։ Հետը եղել է կինը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեզ ասացին նաև, որ պարեկային ծառայության ղեկավարն ալկոհոլ օգտագործած է եղել, բայց հիմա ամեն կերպ փորձում են թաքցնել այդ փաստը», - գրում է կայքը։
Մեկնաբանություն ստանալու համար Hraparak.am-ը կապ է հաստատել պարեկային ծառայության ղեկավարի՝ Արթուր Ումրշատյանի հետ։
«Նա սկզբում սիրալիր սկսեց պատասխանել մեր հարցերին, ապա երբ հիշատակեցինք ավտովթարը, ասաց՝ տեղս հարմար չէ, մի ժամից զանգեք:
«Հենց հիմա նենց ա վիճակս՝ չեմ կարա խոսամ», - ասաց նա։
- Մեզ ասացին՝ Ձեր կինը հիվանդանոցում է, Դուք է՞լ եք հիվանդանոցում։
- Այո, ես էստեղ եմ, իր մոտ եմ, նորմալ ա ամեն ինչ, ոչ մի խնդիր չկա, եթե ուրիշ բան կհետաքրքրի, մի քիչ ուշոտ զանգեք։
- Ասացին՝ նաև խմած եք եղել ղեկին։
- Դե, սխալ բան են ասում, ինչ ասում են, մնացածը կճշտեք Դուք։ Շնորհակալություն, հաջողություն», - գրել է կայքը։