կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-03 14:24
Հասարակություն

Ադրբեջանցիները տեղակայված են Կապանի օդանավակայանի թռիչքուղիների անմիջական հարևանությամբ. ՄԻՊ

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղադրված ադրբեջանական ցուցանակները ռազմավարական նպատակ ունեն։ Դրանք օգտագործվում են մարդկանց ահաբեկելու համար․ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Վերջին  ցուցանակի տեղակայումը, որով ասվում է՝ «Բարի գալուստ․ դուք մուտք եք գործում Ադրբեջանի տարածք», անօրինական է․ այն, որ իրենք ցուցանակ են տեղադրել, դա չի նշանակում, որ տարածքային իրավազորությունն իրենցն է, մի հատ էլ  կարող են թույլ տալ ՀՀ քաղաքացիներին՝ ահաբեկել, Իրանի քաղաքացիներին կանգնեցնել  ու գանձումներ անել»,- նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը։

Այնուհետև նա ներկայացրեց Կապանի օդանավակայանի լուսանկարները՝ նշելով, որ թռիչքուղիների անմիջական հարևանությամբ են ադրբեջանական տեղակայումները։ Արման Թաթոյանը նշեց, որ ադրբեջանական զինված ուժերը, այդտեղ տեղակայվելով, վերահսկողություն են կարողանում հաստատել Մ2 ճանապարհի ու Կապան քաղաքի նկատմամբ՝ վտանգելով նաև բնակչության կյանքն ու առողջությունը։

«Այնտեղ նրանց տեղակայումը, անգամ՝ եթե մեկ կրակոց չի արձակվում, կյանքի իրավունքի խախտում է։ Եվրոպական դատարանի պահանջների համաձայն՝ պարտադիր չէ, որ զոհ լինի, որ դա համարվի կյանքի իրավունքի խախտում։ Վտանգ է, որ օդանավակայանը շահագործվի, որովհետև կարող են կրակել կամ հարձակում իրականացնել ինքնաթիռների վրա, ինչպե՞ս ենք նախատեսում Կապանի բնակիչների ազատ տեղաշարժը»,- ասաց ՄԻՊ-ը։

Մանրամանսերը՝ տեսանյութում։