Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021 թվականի հունիսի 10-ին (այսօր)` ժամը 16:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում:
Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ահազանգեր է ստացել նշված գյուղերից, և դրանք ստուգմամբ հաստատվել են: Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ գյուղերի բնակիչների ահազանգերի ընթացքում լսվել են կրակոցներ:
Կրակոցները գյուղերում եղել են պարզ լսելի: Առավել ուժգին լսելի են եղել Կութ և Վերին Շորժա գյուղերի արոտավայրերում (սարատեղիներ):
ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, ֆիզիկական անվտանգության, խաղաղ կյանքի և այլ կենսական իրավունքների համար:
Ակնհայտ է, որ ադրբեջանական կրակոցները, ՀՀ սահմանային բնակիչների կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն:
Սյս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով:
Ադրբեջանական այսօրվա կրակոցների փաստը հաստատել է նաև ՀՀ ՊՆ-ն: Դրանք դադարել են միայն ՀՀ զինված ուժերի կրակից հետո:
Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Գեղարքունիքի և Սյունիքի կողմից:
Նշված արարքները պետք է դիտարկել միասնական հանցավոր դիտավորության մեջ:
ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:
Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարում են մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները:
Ծանուցում` սարատեղի անվանում են այն վայրերը, որտեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են քաղաքացիական բնակիչներ (նաև ընտանիքներով) և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին: