«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է փորձում եղանակ փոխել, Մեղրիում մանդատներ ստացած «Հանրապետություն», «Ազատական» ու «Ապրելու երկիր» կուսակցություններին ասել է, թե 5 մանդատ ստացած ՔՊ-ին պետք է միանան ու օգնեն իշխանության թեկնածուին քաղաքապետ կարգել զուտ միայն այն պատճառով, որ այսօր իշխանության ղեկին ՔՊ-ն է, հետեւաբար իշխանությունն ինչպես ասի, այնպես պետք է շարժվեն: Կուսակցությունները, սակայն, բացասաբար են ընդունել Ավինյանի ասածն ու հակառակվել, թե նման տոնայնությամբ որեւէ առաջարկ չեն ընդունի:
Այդ ամենի հետեւանքն այն է, որ հոկտեմբերի 17-ից մինչ օրս հստակ չէ, թե Մեղրիում, ի վերջո, ով է համայնքապետ լինելու: Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանությունը Տիգրան Ավինյանի առաջ պայման է դրել՝ եթե Սյունիքի ՏԻՄ ընտրություններում հաջողություն գրանցի, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի կառավարումն իրեն կվստահվի: Եվ, ըստ այդմ, նախկին փոխվարչապետը ջանում է անել հնարավորը, որ բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանությունը փոքր-ինչ մանեւրելու տեղ ունի, կարողանա ղեկավարումն իր ձեռքն առնել»: