կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-18 13:30
Աշխարհ

Պենտագոնի ղեկավարը կայցելի Ուկրաինա և Վրաստան՝ հայտնելու ՆԱՏՕ-ի դռների՝ բաց լինելու մասին

Պենտագոնի ղեկավարը կայցելի Ուկրաինա և Վրաստան՝ հայտնելու ՆԱՏՕ-ի դռների՝ բաց լինելու մասին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Ուկրաինա և Վրաստան կատարելիք այցի ընթացքում կոչ կանի այս երկրների ղեկավարությանը՝ կատարել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության պահանջները: Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության կիրակի օրը տարածած հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ Օսթինը «կայցելի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա՝ նախքան Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելը»: «Թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում Օսթինը կընդգծի, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է և կհորդորի այդ երկրներին՝ կատարել անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի նրանք կարողանան պաշտպանական դաշինքին անդամակցելու իրավունք ունենալ»,- ասվում է փաստաթղթում:

Պենտագոնի հայտարարության մեջ նշվում է, որ Ռումինիան «օրինակելի դաշնակից է»: «Ռումինիան անում է այն ամենը, ինչ մենք կարող ենք խնդրել ՆԱՏՕ-ի դաշնակիցից, այնպես որ՝ մենք հնարավորություն կունենանք նշելու և մեր երախտագիտությունը հայտնելու»,- նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

«Երեք պետություններն էլ ելք ունեն դեպի Սև ծով, Օսթինն առաջնորդների հետ կքննարկի Սև ծովի անվտանգությունը, նա կձգտի ամրապնդել համագործակցությունը այս երեք երկրների միջև»,- նշել է Պենտագոնը՝ հավելելով, որ «Օսթինը կհանդիպի ամերիկացի զինվորականների հետ, որոնք աշխատում են վրաց, ուկրաինացի և ռումինացի զինվորականների հետ»:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը կդառնա դաշինքի ռազմավարական նոր հայեցակարգը։ Հայտարարության մեջ նշվում է, որ «կքննարկեն նաև Ռուսաստանը»: Պենտագոնը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «ավելի շատ է քննարկում Չինաստանի ներկայացրած խնդիրները»:

Պենտագոնը այս շաբաթվա սկզբին հայտարարեց, որ Օսթինը կայցելի Ուկրաինա, Վրաստան, Ռումինիա և Բելգիա: Այցերի ճշգրիտ ժամկետները չեն հաղորդվում: Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ավելի վաղ հրապարակած տեղեկատվության՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հոկտեմբերի 21-22-ը: Այն վարելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը:

Ավելի ուշ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պարզաբանեց, որ Օսթինը հնարավորություն կունենա քննարկելու «Ուկրաինայի առաջընթացը պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտում բարեփոխումների իրականացման գործում, որոնք անհրաժեշտ են Կիևի եվրաատլանտյան ձգտումները առաջ մղելու համար», ինչպես նաև «դաշնակիցների և գործընկերների տարածաշրջանային համագործակցությունը»:  Ուղեւորությունը կարեւորելու է «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան աջակցությունը»: