կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-29 21:20
Արցախ

Պատերազմից հետո չի գործել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հաձնաժողովը. Արթուր Թովմասյան

Այսօր տեղի է ունեցել ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստի ընթացքում ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը անդրադարձել է դեռևս նախորդ նստաշրջանում իր կողմից բարձրաձայնված Արցախի և Հայաստանի խորհրդարանների  միջխորհրդարանական հանձնաժողովի ստեղծման հարցին: Ս/թ ապրիլին ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի տված պատասխանի համաձայն՝ պետք է ձևավորվեր ՀՀ նոր խորհորդարան, որից հետո պետք է ակտիվացնեին միջխորհրդարանական կապերը: Այս մասին հայտնում է aparaj.am-ը։

Վերջերս ՀՀ-ում ձևավորվող նոր խորհրդարանում քննարկվել է Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու և միջխորհրդարանական կապեր հաստատելու հարցերը, սակայն ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության համար դեռևս հասկանալի չէ, թե ինչպիսի փուլում են այս գործընթացները:

Դ. Իշխանյանը հարց ուղղեց ԱՀ ԱԺ նախագահին ամառվա ընթացքում ունեցած հանդիպումների, նաև այստեղ գտնվող ՀՀ խորհրդարանական պատվիրակության մասին:

«Միջխորհրդարանական կապեր և բարեկամական խմբեր» հոդվածի համաձայն՝ 2020թ. ԱՀ Աժ խորհրդարանը ձևավորվելիս մենք ստեղծեցինք միջխորհրդարանական հանձնաժողով՝ ՀՀ հետ հարաբերություններ ունենալու համար: Կա՞ն արդյոք այդ հարաբերությունները, կա՞ արդյոք այդ հանձնաժողովը ՀՀ-ում, ի՞նչ ընթացքի մեջ է, ի՞նչ ենք ունենալու»,- ԱՀ ԱԺ նախագահ Ա. Թովմասյանին հարց ուղղեց Դ. Իշխանյանը:

ԱՀ ԱԺ նախագահ Ա. Թովմասյանը հարցի բովանդակությունից դուրս նախ գովասանքի խոսքեր ուղղեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակներին՝ որպես Սփյուռքում միակ կարող և հզոր ուժի, այնուհետ հավելել է, որ անուրանալի է վերջիններիս աշխատանքն Արցախի միջազգային ճանաչման գործում:

«Պատերազմից հետո Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովը  չի գործել: Այս պահին ՀՀ ԱԺ 3 խմբակցություններին սա պետք է մտահոգի, որպեսզի ստեղծեն բարեկամական խումբ: Հավաստիացնում եմ ձեզ, որ կհրավիրեմ միջխորհրդարանական նիստ, քանի որ կան օրենքի նախագծեր, որոնք առանց միջխորհրդարանական խմբի չեն կարող գործել», - պատասխանել է խորհրդարանի ղեկավարը:

Արձագանքելով  ԱՀ ԱԺ նախագահին՝ Դ. Իշխանյանը նշել է, որ «ՀՅ Դաշնակցություն»  խմբակցության ղեկավարը թե՛ երեկվա խորհրդակցության ընդհանուր բովանդակությունը և թե՛ նախորդ  ժամանակաշրջանում Ա. Թովմասյանի գլխավորությամբ տեղի ունեցած ոչ հրապարակային խորհրդակցությունների բովանդակությունը փոխանցել է խմբակցության անդամներին:

«Հետաքրքիրն այն է, որ սեպտեմբերի 2-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակության այստեղ գտնվելու ժամանակ մենք առիթ ենք ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հետ հանդիպման ընթացքում մի քիչ փակագծերը բաց խոսելու, որից հետո մեր ընկեր  Արմեն Ռուստամյանը, հիմնվելով մեր քննարկումների վրա, ՀՀ ԱԺ ամբիոնից դիմելով ՀՀ ԱԺ իշխող ուժին, բարձրաձայնեց, որ թե՛ նախորդ գումարման ԱԺ-ում, թե՛ ներկայիս գորժող ԱԺ-ում  միջխորհրդարանական հանձնաժողով Արցախի հետ չի ստեղծվել: Դրան ի պատասխան՝ իշխող կուսակցության պատգամավոր Վլադիմիր Բալայանը, իսկ դրան նախորդ ժամանակաշրջանում Ալեն Սիմոնյանը, սլաքներն ուղղելով դեպի ԱՀ ԱԺ նախագահը, հրապարակային հայտարարեցին, որ իրենք իրենց Արցախի գործընկերների հետ քննարկել են այդ  հարցեըը, և որևէ խնդիր չկա»,- ասել է Դ. իշխանյանը:

Խորհրդարանի ղեկավարը պատասխանել է, որ ինքը 25 տարվա պատգամավոր է և հաճախ, ինչպես իրենք են բնորոշել՝ շատ դեպքերում ինքն ավելի Դաշնակցական է գտնվել:

«Թող լսեն ՀՀ և ԱՀ իմ գործընկերները՝ Արցախի հարցով ես պատրաստ եմ ցավեցնելու բոլորին»,-ասել է Ա. Թովմասյանը:

Դավիթ Իշխանյանն էլ ի պատասխան նշել է, որ Ա. Թովմասյանին չի նախատում, այլ մեջբերում է ՀՀ գործընկերների խոսքը, որ քննարկել են հարցը իրենց Արցախի գործընկերների հետ.

Արթուր Թովմասյանը նշել է նաև, որ առաջարկել էր խմբակցության ղեկավարներին այս հարցով քննարկում ունենալ Երևանում, սակայն ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը դեմ  արտահայտվեց:

ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը հակադարձել է խորհրդարանի նախագահին՝ ասելով, որ ոչ թե դեմ են արտահայտվել, այլ կարգ կա, ըստ որի միջխորհրդարանական խմբի հաջորդ նիստը անցկացվի Ստեփանակերտում:

Ա. Մոսիյանը նշել է, որ Ա. Թովմասյանը մեկնաբանել է Իշխանյանի հարցի միայն մի մասը:

«Խնդիրն այն է, որ Արցախի հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ ՀՀ մեր գործընկերների առաջարկին ՀՀ իշխող ուժը՝ խորհրդարանի նախագահի գլխավորությամբ, Ձեզ է մեջբերել՝ ասելով, որ Ա. Թովմասյանի հետ քննարկումների արդյունքում Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու կարիք չկա, քանի որ կա միջխորհրդարանական հանձնաժողով, որի միջոցով էլ կլուծենք մեր հարցերը»,-ասել է Ա. Մոսիյանը:

Նա նաև նշել է, որ Ա. Թովմասյանը ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր խոսքերն առնվազն աղավաղվել են, և Ձեզ համար 107 պատգամավորներն էլ Արցախի հարցով հանձնաժողովի անդամներ պետք է լինեն:

«Փաստորեն առ այսօր ՀՀ-ում չի ստեղծվել միջխորհրդարանական հաձնաժողով, և այս հարթակը, այս բաց թողնված հնարավորությունը թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ խորհրդարանական դաշտում շարունակում է բաց մնալ: Պարոն Իշխանյանի մտահոգությունն այն էր, որ բոլորի ուշադրությունը հրավիրեր այս հարցի լուծման վրա»-ընգծել է Ա. Մոսիյանը:

Ա. Թովմասյանը նշել է, որ իր հարցը ոչ թե միջխորհրդարանական հանձնաժողովի մասին է եղել, այլ ճանաչողական հարցի:

«Նույնիսկ կատակեցի, բա որ գնանք, գանք ու պատերա՞զմ սկսվի:

Ես զգացի, որ պետք է փակ հանդիպում ունենալ, որի մասին կփոխանցեմ ՀՀ ԱԺ ղեկավարին: Ես ԱԺ ղեկավարին ասացի, որ եթե ստեղծվեր այդ հանձնաժողովը, առաջինը կշնորհավորեմ, որովհետև այդ հանձնաժողովի իմաստն այն է, որ Արցախի հիմնախնդիրը ուշադրության կենտրոնում կպահվի, սակայն եթե չստեղծվի, ուրեմն՝ 107 պատգամավորներն էլ պատասխանատու են Արցախի համար»,-ասել է Թովմասյանը: