|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում սեպտեմբերի 7-ին 16 զինծառայողի եւ 2 սպաների զոհվելու դեպքի գործով դատավարությանը դատարանը որոշեց նշանակել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում։
Նիստերի տեղափոխման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էին տուժողների իրավահաջորդները։
Նշենք, որ մեղադրյալի աթոռին է փոխգնդապետ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։
Հիշեցնենք, որ զինծառայողները, մինչեւ պատերազմի սկսվելը, ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսվելուն պես տղաներին Արցախ են տարել։ Հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանի Տիլի գյուղ տեղափոխել։
Ըստ մեղադրանքի՝ Ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Ըստ հաղորդագրության՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։
Զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ զինվորների մահվան պատճառը Վերանյանի սխալ հրամանն է եղել։
Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով։