Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Armdaily.am-ն օրեր առաջ հարցում է ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ էր Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններից, ինչպես է Արմեն Սարգսյանը պատկերացնում խնդրի հանգուցալուծումը և հաշվի առնելով իր դիվանագիտական կապերը՝ ի՞նչ քայլեր է նախատեսում իրականացնել թշնամու գործողությունները միջազգային հանրության կողմից դատապարտելու, կասեցնելու համար։
ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանը ներկայացնում ենք ստորև.
«Հանրապետության նախագահը մշտապես տեղեկատվություն է ստանում ինչպես Հայաստանում և Արցախում տեղի ունեցող, այնպես էլ Հայաստանին և Արցախին վերաբերող իրադարձությունների մասին: Նախագահի աշխատակազմը կապի մեջ է hամապատասխան մարմինների և գերատեսչությունների հետ:
Ինչպես Ձեր նշած, այնպես էլ համանման բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն երաշխավորելով մեր բնակչության ու սահմանների անվտանգությունը, պաշտպանությունը, մեր երկրի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաև մեր քաղաքացիների կյանքի, ազատ ու անվտանգ տեղաշարժի, սեփականության և մյուս բոլոր հիմնարար իրավունքները:
Պատկան պետական մարմինները պետք է այդ նպատակով օգտագործեն բոլոր միջոցներն ու հնարավորությունները: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Հանրապետության նախագահը գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում: ՀՀ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է կառավարությանը:
Այդուհանդերձ, Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ պատրաստ է իր փորձն ու անձնական կապերը ծառայեցնել երկրի առջև կանգնած խնդիրների լուծմանը նպաստելուն: Միևնույն ժամանակ, նախագահը մեր պետությանը վերաբերող բոլոր խնդիրները մշտապես բարձրացնում է իր պաշտոնական և ոչ պաշտոնական շփումների ընթացքում»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանում: