կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-12 17:56
Հասարակություն

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՒ ՍԱՀՄԱՆԳԾՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՈՍԿԵՊԱՐԻ ՏՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՒ ՍԱՀՄԱՆԳԾՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՈՍԿԵՊԱՐԻ ՏՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքները պետք է ակտիվանան ։ Թե դա ինչ է նշանակում, հունիսի 20-ի ընտրություններին Փաշինյանի կուսակցությանն ընտրած Տավուշի սահմանագոտու բնակիչները շուտով կզգան իրենց մաշկի վրա։ 44 օրվա պատերազմի ավարտից հետո սահմանամերձ Ոսկեպարի դպրոցի հարակից տարածքը Գուգլը ցույց է տալիս որպես Ադրբեջանի տարածք։ Նոյեմբերյանի համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը եւ Հրանտ Գեւորգյանը տարիներ շարունակ փորձեցին, սակայն չկարողացան իրենց կառուցած առանձնատները գրանցել անշարժ գույքի կադաստրի Տավուշի տարածքային ստորաբաժանումում, ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական: Լուսանկարում, ավելի հեռվում երեւացող այդ 3 տներից մեծը՝ Հրանտ Գեւորգյանին պատկանող եռահարկ, տուֆակերտ շքեղ առանձնատունը կիսակառույց է, այն կառուցված է, սակայն շինության ներքին հարդարման աշխատանքներն իրականացված չեն, այնտեղ բնակվող չկա: Հ. Գեւորգյանն բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Արտեմ Մանուչարյանն ու Սամվել Սարուխանյանն Ոսկեպարի հիմնական բնակիչներ են: Նշված 3 առանձնատները Ոսկեպար գյուղից կտրված չեն, գյուղի տներից հեռու չեն կառուցվել, դրանք գյուղի առանձին հատվածում չեն , 3 առանձնատները հարակից են ոսկեպարցիների տներին: Խորհրդային ժամանակների քարտեզով նշված 3 առանձնատների զբաղեցրած տարածքը հանդիսացել է Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության տարածք: Ըստ խորհրդային քարտեզի՝ այդ ձորով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն այդտեղ ադրբեջանական բնակատեղի կամ ադրբեջանական կառույցներ երբեւէ, նույնիսկ խորհրդային տարիներին, չեն եղել: Նշված 3 տները կից են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ուղուն։ Ոսկեպարի համայնքապետարանը այդ առանձնատների խնդրով դեռես 2012թ․-ին դիմել է Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժին, այնտեղից էլ հարցը ներկայացրել է Հայաստանի կառավարություն , որտեղից պատասխանել են, որ հիմնահարցը չի լուծվում, որովհետեւ այդ 3 առանձնատների զբաղեցրած տարածքները ՀՀ կադաստրային քարտեզներում նշված չեն:
Ադրբեջանի հետ սահմանագծման եւ սահմանազատման հետեւանքով Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները շատ մեծ խնդիրների առաջ են կանգնելու, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին դա ամենեւին չի մտահոգում։