Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԿԸՀ-ն կազմեց արձանագրություն՝ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին։ Նաև հայտարարվեց, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի 2021 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին: Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ԱԺ-ում կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7: Ուշագրավ է, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած երկու անձ այս պահին գտնվում է կալանքի տակ:
Խոսքը Մեղրիի նախկին քաղաաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասին է: Պատգամավորական մանդատ ստանալով՝ նրանք փաստացի ձեռք են բերում պատգամավորական անձեռնմխելիություն: Այդ դեպքում, իրավական ի՞նչ գործընթաց պետք է հետևի Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին ԿԸՀ որոշումից հետո: Իրավաբան, ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ նշյալ անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն, խափանման միջոցը պետք է վերացվի, և դրա նախաձեռնողը պետք է լինի դատախազությունը:
Վարդևանյանը նաև հավելեց, որ դատախազությունը հետո կարող է նշյալ անձանց ազատությունից զրկելու հարցով դիմել Ազգային ժողով, սակայն քրեական հետապնդումը շարունակելու հարցի վերաբերյալ իրավական կառուցակարգեր չկան ընթացիկ գործերի առումով, հետևաբար, քրեական գործերը բոլոր նման իրավիճակներում ենթակա են կասեցման: Ի դեպ, հավելենք, որ եթե «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերցներ մանդատը, ապա նա ևս կունենար անձեռնմխելիություն, ու քրեական հետապնդումը ավտոմատ կկասեցվեր: Սակայն, ինչպես հայտնի է, Քոչարյանը որոշում է կայացրել չվերցնել պատգամավորական մանդատը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում